Մեծ տատիս մեջքին թուրքի յաթաղանից ստացած վերքն ամբողջ կյանքում այդպես էլ չի լավացել


11:16 , 24 ապրիլ, 2015

Մեծ տատս` մեր Մարթա տատը, 1915 թվ-ին ունեցել է 6 երեխա: Ապրել է Ուրֆայում: 
Այնտեղ ջարդերը սկսել են 1915-ի սեպտեմբերի 29-ին, այդ օրն է եղել առաջին հարձակումը թուրքերի կողմից, բայց ուրֆացիք թուրքերին արժանի հակահարված են տվել ու 53 օր պաշտպանել են իրենց քաղաքը, 53 օր կռիվ տվել շրջապատված քաղաքում, թուրքական կանոնավոր բանակի դեմ: Կին, երեխա, բոլորը լծված են եղել այդ գործին: Այդ հերոսական մարտերում զոհվել են շատ հայեր, բայց թուրքերն էլ մոտ 2000 զոհ են տվել:
Սակայն անհավասար ուժերով, երկար դիմանալ չէր լինի... 
Մարթա տատս մենակ է մնացել, ամուսնու մասին լուր չի ունեցել և ստիպված իր 3 համեմատաբար մեծ երեխաներին տվել է տեղի մանկատուն՝ հույս ունենալով, որ կենդանի կմնան, սակայն... կորցրել է նրանց: Մի տղային նրանցից տարել է իրենց թուրք ընկերը: Մի աղջկան սպանել են իր աչքի առաջ, իսկ ամենափոքրին նա կորցրել է անապատում՝ երեխան չի դիմացել...
Տարիներ անց Մարթա տատս ու պապս գտել են իրար, պապս մի կերպ կենդանի էր մնացել, իսկ տատս մեջքին յաթաղանի հարված ստանալուց և «մեռածների փոսը» նետվելուց հետո, գիշերով, վիրավոր ու կախ ընկած ձեռքով մի կերպ փախել ու պատսպարվել է մոտակա քրդական գյուղում:
Արդեն միասին նրանք գտել են իրենց թուրք ընկերոջը և նրանից վերցրել իրենց 6 երեխաներից կենդանի մնացած միակ որդուն: 
Հետագայում նրանք ունեցել են ևս մեկ աղջիկ ու մի տղա (մայրիկիս հորը):
Մարթա տատիկս ապրել է մինչև 94 տարեկան, բայց մայրիկս պատմում է, որ մինչև կյանքի վերջ նրա մեջքի՝ թուրքի յաթաղանից ստացած վերքն այդպես էլ չի լավացել, այն ժամանակ առ ժամանակ թարախակալել է ու բորբոքվել...