Հոյակապ ձևով ողբում ենք ու պահանջում, բայց չգիտենք՝ ինչ և ումից


15:03 , 23 ապրիլ, 2015

Կան դեպքեր, օրինակ Հայոց Ցեղասպանությունը, երբ որ կողմը կամ կողմերը (այս դեպքում պետությունները՝ Հայաստանը և Թուրքիան) պետք է երկու ուղղությամբ աշխատանք տանեն. առաջինն արտաքին ցուցադրական մասն է, երբ կողմերից մեկը պետք է լոբբինգ իրականացնի թեմայի վերաբերյալ, իրազեկի, հասնի համընդհանուր ճանաչման և հրապարակային դատապարտման, միջոցառումներ կազմակերպի, սգա, ցույց տա, որ հիշում է, որ իրեն ցեղասպանել են, հակառակ կողմն էլ պայքարի մյուս կողմի ջանքերը չեղարկելու ուղղությամբ անընդհատ խոչընդոտի միջոցառումների անցկացումը, կաշառի, որ չբարձրաձայնեն, բարձր մակարդակով հրաժարվի ընդունել, որ, այո, եղել է Ցեղասպանություն, ընդունում ենք ու ներողություն խնդրում: Երկրորդը պրակտիկ մասն է, ավելի դժվարը, երբ որ առաջին կողմը ցուցադրական մասի հետ մեկտեղ լուրջ աշխատանք է տանում Ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ, երբ փորձում է ստեղծել մեխանիզմ, որն օգնելու է կորցրածը հետ բերել, հասնել տարածքների վերադարձման, բարոյական ու նյութական փոխհատուցմանը (ի դեպ, իրավական առումով Հայաստանն ունի բավականին լայն հնարավորություններ, օրինակ՝ ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը), իսկ մյուս կողմը, բնականաբար, ձգտում է նվազագույնի հասցնել կամ ընդհանրապես բացառել իր կողմից զիջումները: Առաջին պլանում հիմա թեպետ հայերիս մոտ բավականին լավ ստացվում է առաջին մասը, հոյակապ ձևով ողբում ենք ու հիշում, նաև պահանջում (օրինակ հարյուրամյա տարելիցին ընտրվել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը, ումից կամ ինչ ես պահանջում, չի հստակեցված), բայց պրակտիկ ճակատում հաջողությունն ուղեկցում է հակառակ կողմին, թուրքերը գուցե զիջում են լոբբինգի ճակատում, բայց շատ ավելի հաջող են գործում պրակտիկ ճակատում, առայժմ նրանք ավելի ազդեցիկ են ու ավելի հաջողակ Ցեղասպանության ճանաչումը վիժեցնելու գործում գերտերություններին իր կողմը գրավելու հարցում։