Նախագահը որակական նոր հարթություն է տեղափոխում Ցեղասպանության հարցը


13:08 , 22 ապրիլ, 2015

Նկատե՞լ եք, թե ինչքան են փոխվել Ցեղասպանության հարցի շեշտադրումներն այս տարի։ Նախագահն արդեն մի քանի անգամ ելույթներ է ունեցել այս հարցի շուրջ տարբեր միջոցառումների շրջանակներում, ու վերջին նման ելույթն էլ եղել է այսօր՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ։

Ինձ շատ է դուր գալիս մեր նոր հայեցակարգի երկու առանցքային կետ, որոնք հստակ ընկալվում են թե՛ նախագահի այս և այլ ելույթներում, թե՛ ընդհանուր հռետորաբանության ու գործողությունների մեջ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում։

Նախ, շատ կարևոր է, որ պաշտոնական Հայաստանը սկսել է ինտենսիվ շեշտադրումներ անել այն բանի վրա, որ Հայոց ցեղասպանությունը պետք է դիտարկել ոչ թե ինչ-որ զուգահեռ իրականության մեջ, այլ համաշխարհային պատմության ու գլոբալ երկրի համատեքստում, ու հենց դրա համար է, որ պարբերաբար զուգահեռներ են անցկացվում Հայոց ցեղասպանության ու դրանից հետո եղած այլ ցեղասպանությունների միջև։ Ընդ որում, թե՛ նախագահը, թե՛ այլ պաշտոնատար անձինք, ովքեր ներգրավված են այս հարցում, պարբերաբար ու շատ նրբանկատորեն կառուցում են տրամաբանական մի շղթա, որով 20-րդ դարում տեղ գտած և այսօր էլ շարունակվող ցեղասպանությունների շղթան ուղղակի կամ անուղղակի հետևանք են հենց Հայոց ցեղասպանության ու դրա մեղավորներին անպատիժ թողնելու։

Մյուս որակական փոփոխությունը, որը կարմիր գծով է անցնում Սերժ Սարգսյանի այս և այլ ելույթներում, դա Ցեղասպանության խորհրդի միանգամայն դրական ու վեհ տարբերակի սահմանումն է։ Եթե նախորդ տարիներին այս օրը համատարած ասոցացվում էր բացառապես սգի, ողբի ու անօգնականության հետ, ապա այսուհետ մենք ընդգծում ենք, որ Ապրիլի 24-ը մեզ համար առաջին հերթին վերածննդի ու անկոտրունության խորհուրդն է կրում, քանի որ թուրքերը չկարողացան հասնել իրենց գլխավոր նպատակին, այն է՝ թողնել միայն մեկ հայ և այն էլ թանգարանում։ Շատ դրական է նաև, որ նախագահը շեշտում է, որ մենք պետք է հիշենք նաև մարդկային բարության այն դրսևորումները, որոնք տեղ են գտել ժամանակին, և հազարավոր մարդիկ օգնության ձեռք են մեկնել Ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց ու հնարավորություն են տվել, որ հայության բեկորներն ամրանան ու կրկին խոր արմատներ գցեն։

Ընդհանուր առմամբ, ես շատ բավարարված եմ 100-ամյակին ընդառաջ տարվող աշխատանքներով ու իրոք այս ամենում ես տեսնում ու զգում եմ վերածնունդի ոգին, քանի որ ինքս իմ մեջ եմ նկատում վերաբերմունքի փոփոխություններ թե՛ Ապրիլի 24-ի, թե՛ մեր անելիքների նկատմամբ։