Մոսկվայի կենտրոնում 198 պաստառ է տեղադրվելու Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշով ու կարգախոսով


13:51 , 17 ապրիլ, 2015

Չեմ կարող չարձանագրել, թե ինչ լուրջ են այս տարի մոտեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմանը, ու եթե սկզբում նկատվում էլ էին ինչ-որ անհարթություններ, ապա հիմա պարզապես մարդու շունչն է կտրվում, երբ տեսնում է, թե ինչ մասշտաբային աշխատանքներ են տարվում ամբողջ աշխարհով մեկ։ Ընդ որում, որ առավել տպավորիչ է դարձնում այս ամենը՝ ակնհայտ է, որ աշխարհի տարբեր կետերում կազմակերպվող իրադարձությունները սպոնտան չեն ու շատ լավ մշակված ու պլանավորված են և ստեղծում են էսկալացվող էֆեկտ միջազգային հանրության ուշադրության գրավման հարցում։
Հերթական խոշոր միջոցառումները տեղ են գտել Ռուսաստանում։ Երեկվանից սկսած՝ Մոսկվայի կենտրոնում 198 բիլբորդներ են տեղադրվելու Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշով ու կարգախոսով, ինչպես նաև ցուցադրվելու է «Կյանք, որը մենք չենք ապրել» վավերագրական ֆիլմը ռուսական հեռուստաընկերություններով, և հրատարակվելու է Մարկ Արենի «Էվրար Վիլլա» ձեռագիրը, որը պատմում է Կոմիտաս վարդապետի վերջին օրերի մասին։
Ու սա դեռ վերջը չէ, միայն սկիզբն է, ու սկիզբն է ոչ միայն այս տարվա միջոցառումների կոնտեքստում, այլ նաև առաջիկա տարիների համար էլ։ Տա Աստված, որ ամեն տարի Հայաստանն ու հայությունը նման պրոֆեսիոնալ ու կուռ մոտեցում ցուցաբերեն այս հարցին։