Ժողովուրդը իշխանության արարքներում կեղծիք է տեսնում. վերլուծություն


18:18 , 24 հոկտեմբեր, 2012

Վերջին մի քանի ամիսների ամենաշատ քննարկված թեման ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի անցկացրած խորհրդակցություններն ու ելույթներն են: Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հնչեցրած սուր քննադատությունից և դրան հաջորդող այցելություններից մի շարք գերատեսչություններ: Նախագահը շատ խիստ խոսեց ներկա իրավիճակի մասին և մի շարք հանձնարարականներ տվեց գերատեսչությունների ղեկավարներին:

Սակայն, ինչպես պարզվում է, բոլորը չէ, որ հավատում են այս ամենի անկեղծությանը: ԶԼՄ-ները և շարքային քաղաքացիները միայն մեկ բան են ասում. նախընտրական PR: Փորձենք հասկանալ դա իրոք այդպե՞ս է:  

Ժողովրդի հիմնական շեշտադրումն այն է, որ արդյոք Սերժ Սարգսյանը իր ղեկավարման 4 տարիների ընթացքում չէ՞ր մնածել երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների շուրջ, չէր տեսնում դրանք կամ տեղյակ չէր և միայն հիմա է այդ մասին բարձրաձայնում: Ինչ-որ առումով սա ճիշտ է: Բայց եկենք հիշենք, թե ինչ էին անում երկրի նախկին նախագահներն իրենց նախընտական քարոզարշավի ժամանակ: Եթե խորը մտածենք` լավ է, որ Սերժ Սարգսյանը բավարարվում է ընդամենը պաշտոնանկություններով և խիստ քննադատություններով, այլ ոչ թե մարդկանց սպանելով, բռնի ուժով բերանները փակելով և այլ ոչ սահմանադրական գործողություններով: Ըստ իս` նախագահը փորձում է ժողովրդի վստահությունը ձեռք բերել և ապացուցել, որ իր խոստումը գործ է: Նա արդեն կորցրել է մի մեծ ուժ` ԲՀԿ-ն: Չնայած ԲՀԿ-ն դեռ պաշտոնապես չի հայտարարել կոալիցիայից դուրս գալու մասին և դե յուրե մնում է կոալիցիայի անդամ, բայց դե ֆակտո նա այլընտրանքային ընդդիմություն է: Այդ իսկ պատճառով նախագահին պետք է ժողովուրդը: Նա չգնաց երկու նախկին նախագահների ճանապարհներով: Նա նորամուծություն մտցրեց: Նախագահը փորձում է երկիրը մաքրել երկար տարներ այստեղ բուն դրած կրիմինալ դեմքերից և կարծես դրանք մի թելով կապված են իրար հետ: Նա փորձում է նոր, մաքուր մարդկանց բերել երկրի ղեկավարություն: Օրինակները բազմաթիվ են:

Շատ շատերը չեն հավատում և ասում են, որ ընտրություններից հետո ամեն ինչ մոռացվելու է մինչև մյուս ընտրությունների դեպքում եղավ: Թույլ տվեք չհամաձայնել: Ներկայումս այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ժողովուրդը ուղղակի չի թողնի որ խոստումները չկատարվեն և այս իրավիճակը շարունակական է լինելու: Եթե իշխանությունները ընտրություններից հետո փորձեն մոռացության մատնել իրենց խոստումներն, ժողովուրդը կընդվզի: Մարդիկ նորից դուրս կգան փողոց: Դուրս կգան փողոց այնպես, ինչպես արեցին Մաշտոցի այգու հետ կապված իրավիճակում, ինչպես արեցին Փակ շուկայի դեպքում, և այլն, և այլն: Նրանք ուղղակի կստիպեն գործել:

Քանի որ սա նորամուծություն է, այդ իսկ պատճառով շատերը չեն ուզում հավատալ: Այս դեպքից առաջ չի եղել, որևէ նախադեպ, որ երկրի առաջին դեմքը կանգնի բացեիբաց խոսի երկրի խնդիրների, կաշառակեր ու ստոր պաշտոնյաների և արվելիք քայլերի մասին: Չի եղել, որ մարդիկ ինչ որ խնդրի համար դուրս գան փողոց և լուծում գտնեն: Չի եղել, որ ընդդիմությունը կարողանա Ազգային ժողովում մանդատ և հանձնաժողովի նախագահի աթոռ ստանա: Վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում էլ կարող են լինել արդար, ժողովրդավարական ընտրություններ: Ճիշտ է եղան թերություններ, բայց եթե համեմատենք մնացած ընտրությունների հետ, այս մեկը ուղակի հրաշալի էր: Դա նաև արձանագրեցին արտասահմանից եկած դիտորդները:

Այս առումով նախագահի ելույթները վստահություն են ներշնչում: Կարելի է հավատալ, որ նա փորձում է մաքրել երկիրը: Բայց դա հեշտ գործ չէ, քանի որ կան «100 տարվա գելեր», որոնց յուրովի մոտեցում է պետք ցուցաբերել: Համենայն դեպս վերջին ամիսներին կատարվում է նախագահի հրամանները, թե ինչ կլինի ապագայում, կտեսնենք ընտրություններից հետո: