Հռոմի պապի ելույթը խորը վրդովմունք առաջացրեց Ռուսաստանի ակադեմիական շրջանակներում


13:18 , 14 ապրիլ, 2015

Հռոմի պապի ելույթը, որով Հայոց ցեղասպանությունը նույն հարթության վրա դրվեց ստալինիզմի հետ, խորը վրդովմունք առաջացրեց Ռուսաստանի ակադեմիական շրջանակներում, որոնցից առավել ագրեսիվ էին հայազգի գիտնականները: Հարցը նույնիսկ հասավ նրան, որ այս համադրումը որակվեց որպես պատմության աղավաղում, ընդհուպ մինչև հանցագործություն:
Ինչո՞ւ են Ստալինը և իր ժամանակներն այդքան արժևորվում և պաշտպանվում ժամանակակից Ռուսաստանում, ի՞նչ է փոխվել Խորհրդային միության փլուզումից հետո, և ի՞նչ վտանգներ է պարունակում ժամանակակից Ռուսաստանի կողմից պատմության մութ էջերի վերաիմաստավորումը։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանելու դեպքում մենք կհասկանանք Ռուսաստանի ներկայիս բնույթը, պետական քարոզչամեքենայի աշխատանքի տրամաբանությունն ու գերակայությունները, ինչպես նաև կգիտակցենք, թե որքան վտանգավոր է ստալինիզմն արժևորող Ռուսաստանն իր հարևանների և, առհասարակ, ամբողջ աշխարհի անվտանգության համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմի, իսկ պոստ-սովետական տարածքի համար «հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 70-ամյակի նախօրեին Ռուսաստանի պետական քարոզչամեքենան նախաձեռնել է Ստալինի կերպարի ռեաբիլիտացիայի գործընթաց` որպես պատերազմի հաղթանակի խորհրդանիշ՝ մոռացության մատնելով մարդկության դեմ իր կողմից կատարված բոլոր հանցագործությունները, միլիոնավոր մարդկանց առանց դատարանի կամ որոշ դեպքերում դատարանի դատավճիռներով զանգվածային գնդակահարություններն ու աքսորները: Եթե հետևենք պետական և պետության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների աշխատանքին, ապա ակնառու կլինի այն, որ անձի պաշտամունքի որոշ տարրեր Ռուսաստանում նկատելի են նաև այսօր, ընդ որում, անթաքույց: Իսկ նշված գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ոգեշնչման աղբյուր, ինչը և դարձավ Ստալինը: Նրա կերպարն առավել մեծ կարևորություն է ձեռք բերում մայիսի 9-ի նախօրեին, քանի որ մայիսի 9-ի հաղթանակը Ռուսաստանի և ռուս ժողովրդի վերջին համաշխարհային մասշտաբի ձեռքբերումն է, և այն բավականին արդյունավետ քարոզվում է ռուս ժողովրդին արդեն 70 տարի:
Ստալինի կերպարի ռեաբիլիտացիան նույնն է, թե Հիտլերի կերպարի կամ Մուսսոլինիի կերպարի ռեաբիլիտացիան Գերմանիայում և Իտալիայում, Ֆրանկոյի և Պինոչետի ռեաբիլիտացիան Իսպանիայում և Չիլիիում: Սրանք կերպարներ են, որոնց մերժել և շարունակում է մերժել ամբողջ աշխարհը, որոնցից որևէ կերպ չի առանձնանում Ստալինը` եթե իհարկե ոչ արյունարբությամբ և դաժանությամբ: