Գլոբալիզացիոն խաղեր կամ մի ծաղկով գարուն


11:26 , 14 ապրիլ, 2015

Ազգային ինքնություն նշանակում է ազգային Լեզու, մտածողություն, մշակույթ և վերջապես ազգին ներհատուկ (ոչ ներմուծովի) կենսաձև: Ազգային ինքնության պահպանում նշանակում է ժամանակի մեջ հայտնված Սերնդի կողմից նախնիքից ժառանգած Ազգային կենսաԿարգի պահպանում:
Մենք ինչքան էլ խորանալու լինենք հարյուր տարի առաջ մեր հետ կատարվածի քաղաքական ենթատեքստերը պարզելու մեջ, ամենապարզ բացատրությամբ մեզ փորձել են վերացնել՝ տվյալ ժամանակում Օտարների մեջ անգամ մեր ազգային կարգը սրբորեն պահպանելու համար: Առանձին վերցրած Սերունդի ժամանակային առաքելությունը սրբորեն պահպանած ժողովուրդը, սակայն, ոչ պակաս կարևորում, թերևս` ամենակարևորում... թերացել էր: Նա կորցրել էր հավաքական Զգոնությունը: Եվ որպեսզի ազգային զգոնության պաշարները հետ ժողվելու ունակ Մտավորականները մեծ Ծրագրի ոտքի տակ չընկնեին, հենց նրանք էլ գերեվարվեցին ու մեկ օրում ոչնչացվեցին: Այդ մեկ սև Օրն էլ` 1915թ. ապրիլի 24-ը, հենց հռչակվեց դեռևս 1896 թվականից (երիտթուրքերից էլ առաջ` սուլթան համիդի օրոք) ծայր առած հայոց ջարդերի Օր: Ցեղասպանության օր: Ցեղիդ մտավորականը գլխատվեց, գլխից զրկվեց և Ցեղդ: Մնացածն արդեն տեխնիկայի հարց էր:
Անցել է հարյուր տարի: Եթե հաշվարկելու լինենք այս ընթացքում հզոր մարդկային և կապիտալ ռեսուրսի տեր Սփյուռքի` Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ծախսված էներգիան ու փողերը, ապա իտոգը լինելու է` Անհաշիվ: Իսկ արդյունքը` Անարդյունք: Ու եթե այդ նույն անհաշիվը խելամտորեն ու հաշվարկված ներդրվեր հայրենական Գիտության, մշակույթի, սպորտի, Բանակի ու պարզապես չարքաշ գոյություն քարշ տվող հանրույթի կենսակերպի զարգացման մեջ, էսօր մենք կարիք չէինք ունենա Ցեղասպանության հարյուրամյակին ընդհուպ ընդառաջ հորթային հրճվանքով որպես ազգային Ձեռքբերում ընդունել Քիմ-ի այցով մեր շուրջ բարձրացված աղմուկը: Մենք հաջողացրինք անգամ ցեղասպանությունից մինի ազգային տոն շինել: 
Չկարծեք, թե մեր Սփյուռքի նախարարն անգլիական լրատվամիջոցին տված հարցազրույցում սայթաքել է: Հրանուշ Հակոբյանն իսկապես խելացի գործիչ է: Աշխարհում ամեն ինչ հարաբերական է, այո, բացի Էներգիայից: Տկն Հրանուշն ինքն ակամա հայտնվեց հայոց արդի հավաքական մտքի Էներգետիկան արտաքին աշխարհի համար բանաձևողի դերում: Կարճ ասած, մենք մեր ազգային գոյությունը կախեցինք։ Աշխարհն ինչ ու ինչքան է խոսում մեր մասին:
Եթե հարյուր տարի առաջ դեռ Ութ հարյուր ականավոր մտավոր դեմքեր ունեինք, ում հարկ եղավ ոչնչացնել Սև Գործը գլուխ բերելու համար, ապա էսօր ես դժվարանում եմ անգամ ութ հոգու մտաբերել... Ու մեր վրա այլևս թշնամական թաթիկ արյունոտել էլ պետք չի... короче... Ինչ հարց լուծեց Ամերիկան Քիմի ընտանեկան տարազգային դեսանտը ռուսական ֆորպոստ Հայաստան իջեցնելով: Մի հայրենաբաղձ Քիմ, մի հոգատար ու աներանց թախումը հարգող այլազգի հռչակավոր ամուսին, մի պատմական հրճվագին ցատկ ու հայոց ողջախոհությունը հօդս ցատկեցրած մի ամերիկյան երազ: Այլևս` гуд бай, наша Раша... Մենք уже նախկին լոկալիզացվածը չենք, մենք այլևս համոզված ու լայնախոհ Գլոբալիզացվածներ ենք: 
Թե չէ, ձրի պանիրը միայն թակարդում է լինում... Իսկ ձրի թամաշան գլոբալիզացիոն թակարդի մեջ հայտնվածների շրջանում:
*
Բայց հեքիաթը հեքիաթ չէր լինի, եթե նամուսով չավարտվեր...
Հայաստանի ապագայի համար շրջադարձային ու Դար շուռ տվող Իրադարձությունը տեղի ունեցավ Հայաստանից դուրս` անաղմուկ, զսպաշուք ու հիրավի մասշտաբային Վատիկանում: Ու մենք էսօր ինչքան էլ վատիկը լինենք՝ որպես ազգային միավոր, ալտերնատիվ աշխարհն իր իսկ օգտին, Վերին` Աստվածային դիկտատորով փորձելու է փրկել ավելի քան երեքհազարամյա, բայց դեռևս չվերծանված հայկական քաղաքակրթությունը՝ որպես նոր աշխարհի հոգևոր սկիզբ...