Պապի ճառում քողարկված ական կար, որը մեծ վտանգ է ներկայացնում մեզ համար


13:31 , 13 ապրիլ, 2015

Պապի ուղերձին ավելի մանրակրկիտ ծանոթանալուց հետո ես դրանում քողարկված ական տեսա։ Երբ պապը թվում էր 20-րդ դարում տեղ գտած 3 խոշորագույն ողբերգությունները, նա Հայոց ցեղասպանության ու Հոլոքոսթի կողքին նշեց նաև Ստալինիզմը, և սա շատ վտանգավոր ու երկիմաստ է դարձնում Ֆրանցիսկոսի ուղերձը։
Այնպիսի տպավորություն է, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող այս իրադարձությունը փորձում են օգտագործել Ռուսաստանի դեմ, քանի որ գնալով ակնհայտ է դառնում, որ ծնկներից ելնող Ռուսաստանն այսօր գաղափարների ու սիմվոլների որոնման մեջ է, ու առնվազն իրենց ներքին լսարանի մակարդակով Ստալինն այսօր առավել քան խորհրդանշական ու պատկառելի կերպար է այնտեղ, իսկ հավասարեցնելով Ստալինին ու նրա ենթակայության տակ գործած խորհրդային իշխանական համակարգը երիտթուրքերի ու նացիստների հետ՝ Արևմտյան աշխարհը շառաչուն ապտակ է հասցնում ռուսական ինքնագիտակցությանը, և որ առավել ցավալի է՝ այդ ապտակը հասցվում է մեր Ցեղասպանության պատրվակով։
Այս համատեքստում Պապի հայտարարությունը պրովոկացիոն է։ Պրովոկացիոն է թեկուզ իսկ նրա համար, որ եթե հանուն ինդուստրիալիզացիայի ու հետհեղափոխական երկրում իշխանության ամրապնդման համար արված ռեպրեսիաներն ու զրկանքները նացիզմին ու երիտթուրքիզմին են հավասարեցվում, և ինչ-որ սանդղակով առավել մեծ չարիք են համարվում, ապա նույնիսկ այդ պարագայում Ստալիզնիզմը չի կարող համեմատվել նույն Մաուիզմի ու Չինական «մեծ թռիչքի» հետ, որն ամենահամեստ հաշվարկներով խլել է 50-80 միլիոն մարդու կյանք, իսկ այս ցուցանիշի համեմատ Ստալինիզմի զոհերի թիվն անգամներով քիչ է։ Անգամներով քիչ կլինի, եթե այդ զոհերի թվին դասենք նաև Երկրորդ աշխարհամարտում զոհված խորհրդային 27000000 քաղաքացիներին, թեև նրանք ավելի շուտ նացիզմի զոհ են, քան Ստալինիզմի։
Այսքանով հանդերձ՝ ես բավականին տհաճ նստվածք ունեմ հիմա Պապի ելույթից, և հիմա, երբ էյֆորիան մոտս անցել է, ուղղակի պատմական զուգահեռներ են ծագում մտքումս՝ հատկապես Կիլիկյան Հայաստանի պատմությունից, երբ կաթոլիկ աշխարհը նման տրոյական ձիերով փաստացի հիմքեր ստեղծեց հայկական պետականության ոչնչացման համար։ Մենք պետք է շատ զգույշ լինենք այս զարգացումներում ու չկրկնենք պատմական սխալները։