Հայաստանը խեղդվում է ռուսական գազից


19:23 , 12 ապրիլ, 2015

4917_b

1in.am-ը գրում է.

Անցնող շաբաթ խորհրդարանում ներկայացվեց Հայաստանում գազամատակարարման հարցերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը: Իր հարաբերականությամբ և թերիությամբ հանդերձ՝ երբ դուրս են մնացել մի շարք կարևոր հարցեր, հանձնաժողովի զեկույցն այնուամենայնիվ անկարող եղավ թաքցնել այն խայտառակ պատկերը, որ Հայաստանում տիրում է այդ ոլորտում: Խոսքը վերաբերում է գնագոյացման և հասարակությանը մատուցվող ծառայությունների համարժեքության խնդրին, կամ ինչպես ընդդիմադիր մի շարք պատգամավորներ են երեկ բնորոշել խորհրդարանում՝ բնակչության և Հայաստանի թալանի խնդրին:

Իհարկե, դժվար է ասել՝ հանձնաժողովը ցանկացել է թաքցնե՞լ պատկերը, թե՞ այնուամենայնիվ հակառակ ցանկությունն է առկա: Սա էլ հետաքրքրական հարց է ինքնին, եթե նկատի առնենք այս հանձնաժողովի ստեղծման խորհրդավոր պատմությունը: Նախ ՀՀԿ-ն մերժեց ոչ իշխանական ուժերի առաջարկը նման հանձնաժողով ստեղծելու համար, իսկ հետո ինքը հանդես եկավ նման առաջարկով, որին այս անգամ ոչ իշխանական ուժերը չմիացան: Այսինքն` այս հանձնաժողովի գործունեությունը հետաքրքրական էր, այսպես ասած, ստեղծման պահից ի վեր:

4918_b

Եվ այս տեսանկյունից է, որ հարց է առաջանում, թե արդյո՞ք հանձնաժողովը կուզեր թաքցնել ամբողջական իրականությունը: Որովհետև շատ դժվար է պատկերացնել, որ հնարավոր էր ոլորտը փոքր-ինչ ուսումնասիրել և կամա, թե ակամա չբացահայտել առկա խայտառակ պատկերը: Իսկ պատկերն այնքան խայտառակ է, որ դրա նույնիսկ ամենափոքր մասն իսկ չափազանց խոսուն է: Եվ ուրեմն սա ևս կարևոր հարց է, թե ինչու ՀՀԿ-ն գնաց նման քայլի, եթե կարող էր, ի վերջո, ինչպես մի շարք այլ կարևոր խորհրդարանական, այսպես ասած, ոչ իշխանական նախաձեռնությունների դեպքում, այս դեպքում էլ ուղղակի փակեր հարցը:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանություններն այս քայլով, այսպես ասած, փորձել են կսմթել ռուսական կողմին, որը 2013 թվականին ամբողջությամբ վերցրեց Հայաստանի գազամատակարարման համակարգի կառավարումը: Հայաստանի իշխանությունները անկարող լինելով այդ մակարդակում դիմադրել` ըստ էության փորձեցին մնան փոքր խորամանկություններով տհաճություն պատճառել ռուսական կողմին: Մյուս կողմից, սակայն, այստեղ տեղի է ունենում մեկ այլ բան, և ըստ էության այն ուսումնասիրությունները, որ կատարվել են` վերաբերում են այն շրջանին, երբ «ՀայՌուսգազարդը» դեռևս հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն էր և այնտեղ բաժնեմաս ուներ նաև Հայաստանի կառավարությունը:

Այլ կերպ ասած` պետք չէ բացառել, որ այս նախաձեռնության իմաստը ցույց տալն էր, որ Հայաստանի իշխանության այնտեղ գտնվելն ըստ էության ոչ մի նշանակություն չի ունեցել պատկերի, այսպես ասած, որակի հարցում, և հարյուր տոկոս ռուսականացումը միգուցե նույնիսկ այնքան էլ վատ չէ: Չի բացառվում, որ այս նախաձեռությունն այսպիսով ընդամենը 2013 թվականին «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրի, այսպես ասած, հասարակական լեգիտիմացման տարբերակ էր: Առավել ևս հայտնի է, որ Հայաստանի հանրային շրջանակներում մինչև այսօր զգալիորեն պահպանվում է այն մտածողությունը, որ «մեր գլխին պետք է միշտ ռուսը լինի»:

Բոլոր դեպքերում, գազամատակարարման ոլորտի այս ուսումնասիրությունն, ըստ երևույթին, դեռևս բավական բուռն քննարկումների առարկա կդառնա, և ամեն ինչ կախված է նրանից, թե այս զեկույցի, այսպես ասած, հասարակական գեներացման հարցում ինչ հաջողության կհասնեն ընդդիմադիր պատգամավորները, քաղաքացիական շրջանակները: Այլ կերպ ասած` այս հարաբերակցությունից է կախված, թե զեկույցը ինչ նշանակություն կունենա՝ ոլորտի վերջնական ռուսաֆիկացման և բնակչության ըստ էության թալանի լեգիտիմացո՞ւմ, թե՞ Հայաստանի համար մինչև այսօր ըստ էության փակ ու անմատչելի թվացող ոլորտի հանդեպ վերջապես հասարակական, քաղաքացիական և նաև քաղաքական պահանջատիրության դրսևորում՝ պատկերը լիովին փոխելու և ոլորտը Հայաստանին ու նրա քաղաքացուն հարստահարող համակարգից ծառայող համակարգի վերածելու: