Արամ կաթողիկոսի մեջ ես տեսնում եմ այն, ինչի շնորհիվ այդքան հարգում ու սիրում էին Վազգեն Վեհափառին


17:27 , 12 ապրիլ, 2015

Լինելով աշխարհիկ մարդ, գուցե նույնիսկ չափից դուրս աշխարհիկ մարդ, հազվադեպ եմ լուրջ հույզեր ունենում՝ լսելով մեր եկեղեցական հայրերի խոսքը։ Չեմ ուզում ծավալվել թե ինչի, բայց իմ պարագայում դա այդպես է։
Մենակ կարող եմ ասել այն, որ թեև ես փոքր էի այդ տարիներին, բայց անգամ այդ տարիքում մոտս խիստ տպավորվել էր այն խորը հարգանքն ու պատկառանքը, որն անգամ սթրեսսային մութ տարիներին, ժողովուրդը տածում էր Վազգեն Ա կաթողիկոսի հանդեպ։ Այն ժամանակ, ես հստակ չէի կարող գիտակցել դրա պատճառները, բայց ինտուիտիվ զգում էի ու միայն ավելի մեծանալով ու ավելի լավ ծանոթանալով նրա գործունեությանը, ես մոտեցա այդ առեղծվածի պատասխանին։
Ու այսօր այն, ինչ նման մեծ հարգանք ու ակնածանք էր առաջացնում Վազգեն Վեհափառի մոտ, ես ամեն անգամ տեսնում եմ Արամ Ա կաթողիկոսի մեջ։ Նրա ամեն ելույթ լսելուց, ես՝ իմ աշխարհիկությամբ հանդերձ, հիացմունք ու հուզմունք եմ ապրում և դրա կուլմինացիան անկասկած Արամ Ա-ի այսօրվա փայլուն ելույթն էր Վաթիկանում․
Ու հարցը նրանում չէ զուտ, որ նա առանց թղթի էր գրեթե 10 րոպե խոսում, հարցը նրանում չէր զուտ, որ նա կրկին առնաց թղթի՝ անգլերեն էր ասում իր ճառի մի մասը։ Հարցը նրա հռետորաբանության հմուտությունն ու խորությունն է, նրա ոգեղենությունը, որն այնքան հզոր է, որ անկախ նրանից, թե ինչ լեզվով է խոսում՝ հիացմունք է առաջացնում։ Ասածիս վկայությունն էլ թող լինի Արամ կաթողիկոսի ճառի ընթացքում երեք անգամ հնչած ավացիաներն էին։
Արամ կաթողիկոսի խոսքը ազդեցիկ էր ու թեև նա թեմաներից էր խոսում, որոնց շատերս ենք ծանոթ, լսում ես այնպես, ասես առաջին անգամ քեզ տիեզերական ճշմարտություն են մատուցում։ Արամ Կաթողիկոսը խոսում էր ցեղասպանության մասին, բայց սա այն եզակի դեպքերից է, երբ ճառը ոչ թե խղճահարություն էր առաջացնում, այլ հարգանք՝ եթե լսողն արտասահմանցի է և պահանջատիրություն ու արժանապատվության զգացմունք՝ եթե հայ ես։
Երնեկ, Արամ կաթողիկոսի տեսակը շարունակվի ու ավելի շատանա մեր Եկեղեցու մարմնում, որովհետև անկասկած նման հոգևորականներն են, ովքեր ի զորու են ոչ միայն աշխարհին մեր եկեղեցին, մեր ազգը ու մեր երկիրը ըստ արժանավույնս ներկայացնելու, այլև կարող են ու կդառնան այն հոգեղեն ճրագի լույսը բռնողները, որով կուղղորդվեն մարդիկ, ովքեր ունեն սասանված հավատի խնդիր։