100-ամյակն առանց Ցեղասպանության


14:18 , 12 ապրիլ, 2015
Lragir.am-ը գրում է.
Կիրակնօրյա նոթեր
  
Մի լավ Ուսուցիչ ունենայինք, ասեր. բայց Ցեղասպանության ի՞նչն է ծիծաղելի, որ անընդհատ ծիծաղում եք։ Ոչ թե հհկ-ական կանանց նկատի ունենալով, այլ մեզ՝ հանրությանը, մեդիային։
 
Ով չի ալարում, փորձում է հումորի զգացումը սոցցանցերում Քարդաշյանի ու «հհկ-ական հավերի» վրա, բայց էս ուրախ-զվարթ իրարանցումն արդեն նման է «սեմուշկա» չրթելով Ծիծեռնակաբերդ բարձրացող արբունքի տարիքի տղաների խանդավառությանը։ Թվում է չլինեին Քարդաշյանը, ՀՀԿ-ական կանայք, Ռիվասն էր պակաս՝ նա էլ հայտնվեց, մենք, ինչպես ասում են, կհնարեինք նրանց, որ ասել-խոսելու ու ծիծաղելու առիթ լիներ… (Միգուցե առհասարակ սովետական/հետսովետական մա՞րդն է անընդունակ որևէ բանի մասին խոսել առանց կատակի տալու. առաջ՝ որովհետև լուրջ թեմաներն արգելված էին, հիմա՝ որովհետև դրա մշակույթը ձևավորված չէ)։
 
Մի քանի օր առաջ Ցեղասպանության թեմայով երկխոսության էի հրավիրված Մարսելի Քաղաքակրթության թանգարանում թուրք կին սոցիոլոգ ու գրող Պինար Սելեկի հետ, ու պատկերը հատկապես տխուր է, երբ համեմատում եմ էս զվարճությունն ու բուռն զայրույթը, որով տիկին Սելեկը պահանջում էր իր երկրի իշխանություններից ոչ միայն Եղեռնի ճանաչում, այլև փոխհատուցում, կոչում Էրդողանի կառավարությունը ֆաշիստական։ Եվ դա հրապարակախոսական պաթոս չէր. նա քաղաքական հայացքների համար երկուսուկես տարի է անցկացրել թուրքական բանտում, և հիմա էլ պարբերաբար սպառնալիքներ է ստանում թուրք ազգայնականներից իր «Քանի որ նրանք հայեր էին» գրքի պատճառով։

Երևի շատերն ասեն՝ քեզ ի՞նչ եղավ. հո 100-ամյակը չի՞ նշանակում խոժոռ նստել առավոտից գիշեր։ Չի նշանակում, համաձայն եմ, բայց ուրիշ խոսելիք չկա՞։ Թեկուզ Քիմ Քարդաշյանի առիթն օգտագործելով։ Հետաքրքիր չէ՞ 100-ամյակի նախօրեին քննարկել, որ մենք էդքան մեծ սփյուռք ունենք, մշակութային ազգ ենք, բայց Քիմի չափ հայտնի ուրիշ հայրենակից չկա, ում Հայաստանում սրտատրոփ սպասեինք, աշխարհն էլ նրա գալուստին հետևեր։

Կատակների մի ուրիշ ալիք էլ առաջացրեց Սերժ Սարգսյանի ապրիլ յոթյան ուղերձը, որտեղ հիշատակվեց ցեղասպանությունը վերապրած քսան կանանց «ՀՀ նախագահի մրցանակով» պարգևատրելու հրամանագիրը. «այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին են արժանացել ցեղասպանության ենթարկված հայ կանայք` ի դեմս այսօր էլ իրենց ընտանիքներին մայրության ջերմությունը պարգևող և տոկունության օրինակ ծառայող մեր քսան վերապրած հայրենակցուհիների»։

Իրավացի էր Սերգեյ Դանիելյանը, «Յոժը», որ «ցեղասպանված կանանց» մրցանակը (մրցության երևույթն ինքնին) անհեթեթ է։ Եթե պետք էր պարգևատրել Ցեղասպանությունը վերապրած կանանց, կարող էր նշվել նրանց տոկունությունը։ Բայց արդյոք տեղի՞ն էր հիմա էլ «ցեղասպանված կանանց» բռնաբարությունները սրախոսությունների նյութ դարձնել:

 Դեռ սովետի ժամանակներից Ցեղասպանության զոհերի, բռնաբարված կանանց թիվը բազմապատկելու մրցավազք էր ծավալվել մեզանում, որն էն ժամանակ էլ հեգնվում էր, բայց դրանով տարվելով, լալահառաչության ու ցինիզմի արանքում, մոռացության ենք տալիս բազմաթիվ հայ կանանց սխրանքը։

Էնկյուրեի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Պալաքյանը իր «Հայ Գողգոթան» գրքում վկայում է, որ համայնքի հազարավոր հավատացյալ կանանցից միայն «10-14 կիներ» են իսլամ ընդունել՝ գերադասելով աքսորն ու մահը։ Նա պատմում է նաև գեղեցկուհի հայուհու մասին, որը պատասխանում է դավանափոխվելու և իր հետ ամուսնանալու առաջարկ արած թուրքին. «դուն հայ եղիր, և ես քեզ կառնեմ»։ Եվ նահատակվում է զենքը ձեռքին տնեցիներին պաշտպանելիս։

Նույն գրքում կա ևս մեկ տեղեկություն, որն արժանի է պատմաբանների հետազոտությանը. «Ամանոսի լեռներուն մեջ Հակոբ անունով հրոսակապետ մը իր քրոջ եւ 25-30 անձնազոհ ընկերներու հետ կկռվի թուրք ոստիկան զինվորներու դեմ» ...տարիներ։

Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» հուշագրությունում զարմանալի պատմություն կա ձևականորեն իսլամացած հայ ընտանիքի մասին (Օտյանն ինքն էլ է կրել նույն նվաստացումը՝ Ազիզ Նուրի անունն ընդունելով), որը մերժել է ուրացումն ու գնացել անապատ մեռնելու, հենց պարզվել է, որ հնարավոր չէ ուրիշ կերպ խուսափել մուսուլմանի հետ իրենց դստեր հարկադրյալ ամուսնությունից։

Եվ ի վերջո ոչ թե մեկ-երկու, այլ հազարավոր հայ աղջիկներ ինքնասպան են եղել անպատվությունից խուսափելու համար։ Ընդ որում, դա էնքան բնական է համարվել, որ 1920-ականներին ամերիկահայ համայնքը իսկական հերոսուհի Արշալույս Մարտիկյանին չներեց բռնաբարված լինելու իրողությունը, և նա մեռավ մենակ ու լքված, թեև գերությունից փախած այդ աղջնակի հրատարակած գրքի, գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի միջոցով ԱՄՆ-ում հավաքված հանգանակությունը տասնյակ հազար հայ երեխաների էր փրկել սովամահությունից։

Ես բազմաթիվ թեմաներից ու փաստերից մի երկուսը նշեցի, որոնք կենսականորեն կարևոր է քննարկել։ Բայց խոսելով դրանց մասին թե առանց բոլորին հոգնեցրած պաթոսի, թե, ի սեր Աստծո, առանց զավեշտի. ցածրաձայն ու զուսպ, ինչպես վայել է սգո տանը։