14:12 , 12 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Այս օրերին իտալական բազմաթիվ առաջատար լրատվամիջոցներ լուսաբանում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիա պաշտոնական այցը և կիրակի օրը՝ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցվելիք պատարագը: Լրատվամիջոցները շեշտում են երկու երկրների միջև հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև անդրադառնում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և դրան նվիրված հիշատակման միջոցառումներին:
Իտալական Rai 1 հեռուստաալիքի TG1 լրատվականի լրագրողը այդ առիթով զրուցել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու Հայոց ցեղասպանությունը 100 տարի անց դեռևս ճանաչված չէ ողջ միջազգային հանրության կողմից, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է, որ պատճառը, թերևս, ակնհայտ է՝ Թուրքիայի հետ շատ երկրների հարաբերություններն են, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահերը:
Il Quotidiano del Lazio-ն անդրադարձել է Սերժ Սարգսյանի և Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ հանդիպմանը: Ինչպես նշում է պարբերականը, Հայաստանի նախագահն իր այցով աջակցություն է ցուցաբերել Իտալիայի հայ համայնքին, որը պատրաստվում է հիշատակել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:
Պարբերականը հիշեցնում է, որ ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչպես նաև այն, որ հայերն առաջին ժողովուրդն են եղել, որ քրիստոնեությունն ընդունել են պետական կրոն: Կայքը գրում է, որ կիրակի օրը նախագահը ներկա կլինի ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցվելիք պատարագին և նշում, որ հիշատակման միջոցառումներ տեղի կունենան շատ իտալական այլ քաղաքներում:
Իտալական Ansa լրատվական գործակալությունն անդրադարձել է Սերժ Սարգսյանի այցին Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների վերագործարկման շեշտադրմամբ և նշել, որ պաշտոնական այցի հիմնական թեմաները կլինեն քաղաքականությունը, տնտեսությունը, մշակույթը և կրթությունը: Գործակալությունն այս առիթով զրուցել է Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի հետ, ով խոսել է Իտալիայի և Հայաստանի տնտեսական և առևտրային համագործակցության հնարավորությունների, առևտրաշրջանառության վիճակագրական տվյալների, բիզնես հնարավորությունների մասին: Դեսպանը նշել է, որ ոլորտները, որոնց ուղղությամբ Երևանը մտադիր է գրավել իտալական ընկերությունների ուշադրությունը ագրոբիզնեսն է և տեղեկատվական տեխնոլոգիաները։
Toscana Oggi-ն Վատիկանում մատուցվելիք պատարագի առիթով զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հովվապետական պատվիրակության փոխանորդ Թովմա Խաչատրյանի հետ:
«Կարծում եմ՝ երկու կողմերից էլ մասնակցության մակարդակը մատնանշում է իրադարձության կարևորությունը: Հռոմի ամեն անկյունում այս օրերին կարելի է հայերեն լսել: Նրանք Ցեղասպանությունը վերապրածների երեխաներն են, որ եկել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի օրհնությունը ստանալու և Կաթոլիկ եկեղեցու և իտալացի ժողովրդի հետ աղոթքով միանալու համար»,- ասել է նա։
Թովմա Խաչատրյանը շեշտել է, որ այս ամենը չափազանց կարևոր է մարդկային, եղբայրական, քրիստոնեական և էկումենիկ տեսանկյունից: Երբ Սիրիայում կամ Իրաքում քրիստոնյաներին կոտորում են, չեն հարցնում՝ կաթոլիկ եք, թե Հայ առաքելական, ասել է նա՝ խոսելով Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և ճանաչելու կարևորության մասին այլ ցեղասպանությունները կանխելու և թույլ չտալու համար:
Ilmattino.it-ն անդրադարձել է Նեապոլ Սերժ Սարգսյանի այցին և նշել, որ այցի կարևոր մասը խաչքարի տեղադրումն է, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման արարողությունների մաս է կազմում:
Ինչպես նշում է պարբերականը, այս այցը Նեապոլ ամրացնում է կապերը Հայաստանի՝ Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայրենիքի և քաղաքի միջև, որը սրբի անունով է կոչել իր ամենահայտնի փողոցներից մեկը՝ Սան Գրեգորիո փողոցը, որի վրա են կազմակերպվում սուրբծննդյան տեսարանների ցուցադրությունը, և որը Ք. Ա. 10-րդ դարից պահել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում սրբի մասունքները:
Napoli Post-ը նույնպես անդրադարձել է Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձին: Պարբերականը գրում է, որ այս եկեղեցին Նեապոլի պատմության մեջ չափազանց կարևոր տեղ ունի և կրոնական, և արվեստի տեսանկյունից՝ մանրամասն պատմելով եկեղեցու ստեղծման պատմությունը:
Պարբերականը նշում է, որ Նեապոլում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կազմակերպված եկեղեցական արարողության նպատակն է ուժեղացնել Սուրբ Գրիգորի պաշտամունքը, ինչպես նաև զարգացնել Սուրբ Գրիգորի համալիրը տարբեր նախաձեռնությունների միջոցով: Դեսպանատունը մտադիր է հովանավորել ամեն տարի Նեապոլի լավագույն սուրբծննդյան տեսարանի ընտրության մրցույթը, և այնուհետև այն ցուցադրել վանական համալիրի ներսում: Հայաստանի համար այս միջոցառումները հատուկ նշանակություն ունեն Նեապոլի հետ երկխոսության և կապերի համար, նշում է Napoli Post-ը:
Campanianotizie.com-ը նույնպես անդրադարձել է Սերժ Սարգսյանի Նեապոլ այցին և հիշատակել համալիրի բակում գտնվող՝ 17-րդ դարի շատրվանի բացման արարողության մասին, որը որպես նվեր մատուցվել է Նեապոլ քաղաքին Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆինանսավորմամբ իրականացված վերանորոգումից հետո:
Իտալա-արաբական կենտրոնի assadakah.it կայքը գրում է, որ Իտալիայում Հայաստանի դեսպանատան, հայ համայնքի և Հայաստանի բարեկամների, որոնց թվում է նաև Իտալա-արաբական կենտրոնը, աշխատանքի և ջանքերի շնորհիվ այս տարին կարելի է դրական համարել: Կայքը, խոսելով ՀՀ Նախագահի այցի մասին, գրում է, որ կիրակի մատուցվելիք պատարագից ոչ պակաս կարևոր է նաև մայիսի 3-ից Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում գործող «Հայաստան. Տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդեսը: