«Քարդաշյաններն ու Քանյե Ուեսթը մեծ հետաքրքրությամբ էին լսում հայկական երգերը, վայելում էին քար լռության մեջ». Գուրգեն Դաբաղյան


21:54 , 11 ապրիլ, 2015

Երգիչ Գուրգեն Դաբաղյանն ու դուդուկահար Գրորգ Դաբաղյանն այսօր հանդիպում են ունեցել Քարդաշյանների ընտանիքի հետ՝ Քիմին, Քլոյեին, Քանյե Ուեսթին և մյուսներին ծանոթացնելու հայկական ժողովրդական երաժշտությանը: BlogNews.am-ի հետ զրույցում Գուրգենը մանրամասներ պատմեց հանդիպումից, որը կայացել է Վահագնի թաղամասում՝ Վահագն Հովնանյանի  նախաձեռնությամբ:


«Հանդիպումն անցավ մտերմիկ պայմաններում, ինձ խնդրեցին, որ ինֆորմացիա տամ հայկական երաժշտության մասին և  մի քանի կատարումներով ներկայանամ, ու սիրով երգեցի: Վաղը վիդեոտարբերակով կներկայացնեմ՝ ինչպես էի կենդանի՝ դուդուկի ուղեկցությամբ կատարում «Հորովել», իսկ Քարդաշյաններն ու Քանյե Ուեսթը մեծ ուշադրությամբ լսում էին: Ինչպես ես հասկացա, նրանք կամ շատ քիչ էին ծանոթ հայկական երաժշտությանը, կամ ընդհանրապես ծանոթ չէին, սակայն մեծ հետաքրքրությամբ էին լսում, վայելում էին քար լռության մեջ: Կարծում եմ՝ շատ կարևոր էր, որ նրանք լսեին իսկական հայկական ժողովրդական երաժշտություն»,- պատմեց Գուրգենը:

Երգչի փոխանցմամբ՝ Քարդաշյաններին նվիրել է իր տեսասկավառակը, նրա  հորեղբայրն էր դուդուկ է նվիրել հյուրերին:  «Ես ասացի, որ սկավառակի մեջ կա, թե ինչպես եմ Արարատի գագաթին՝ հայկական եռագույնն ուսերիս երգել ու խնդրեցի, որ ուշադրություն դարձնեն այդ հատվածին: Նրանք շատ զարմացան և ասացին, որ մեծ հետաքրքրությամբ կդիտեն»,- նշեց Գուրգենը:

Նրա փոխանցմամբ՝ Քարդաշյաններից ու Քանյե Ուեսթից շատ լավ տպավորություններ է ստացել: «Մարդկային առումով տպավորութունս շատ լավ էր: Արտառոց ոչ մի բան չնկատեցի. շատ հասարակ, հարգանքով, ամեն առումով մարդկային էին: Իրենք համաշխարհային հայտնիություն ունեցող դեմքերն են, բայց սովորական մարդ են: Աստղային վիճակներ չեմ նկատել, նորմալ, ազատ շփվում էինք ու չկար որևէ լարվածություն: Դա այն է, ինչ ես տեսա»,- նկատեց երգիչը:

Գուրգենը հայտնեց, որ վերջում իրեն են մոտեցել Քարդաշյանների աշխատակազմի խմբի ղեկավարը, պրոդյուսերըները, շնորհակալություն հայտնել ու փոխանակվել կոնտակտներով: Երգիչը չի բացառում, որ հնարավոր է՝ հետագայում կրկին հանդիպեն, քանի որ ամեն բան անցել է շատ ջերմ, լավ տպավորություններով բաժանվել են:

Ամալյա Հովհաննիսյան