18:00 , 11 ապրիլ, 2015Life.panorama.am-ը գրում է.
1999թ-ին «Զինվոր ես» երգով հայտնի դարձած երգչուհի, դերասանուհի եւ «Տեա-ջազ» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Մայա Մարգարյանը այսօր Life.panorama.am-ի զրուցկիցն է: Շուրջ հինգ տարի է Մայան ապրում է Ֆրանսիայում, այսօր նա ունի իր գեղեցիկ ընտանիքն ու իր սիրելի գործով է զբաղվում նաեւ հայրենիքից հեռու: Երգչուհու հավաստմամբ՝ ի տարբերություն ստեղծված կարծիքի, նա ստեղծագործական դադար տվել է միայն որդու ծնունդից հետո. «2011-ին ընտանիք կազմեցի, ծնվեց տղաս, ու ես հարգելի դադար տվեցի իմ գործունեությանը, իսկ այն, որ թվում էր լռություն, իրականում այդ ընթացքում ես ոչ պակաս եռանդով աշխատել եմ, ուղղակի աշխատանքս միտված է եղել իմ պարի դպրոցին, բեմադրել եմ մի շարք պարային համարներ, նկարահանվել հեռուստասերիալներում ու աշխատել ակումբներում: Ի տարբերություն շատ երեւացող երգչուհների՝ իմ աշխատանքը ավելի ծավալուն է եղել»,- շնշտեց Մայան:

Խոսելով իր պարային դպրոցից՝ պարուհին պատմեց, որ իր իսկ հիմնած «Տեա Ջազ» խումբը գործել է ուղիղ 16 տարի. «Մեր պարային դպրոցը երկու սերունդ է տվել, իսկ խումբս տարբեր համերգների է մասնակցել, օրինակ Սոսո Պավլիաշվիլիի համերգներին իմ խումբն էր նրա հետ պարում: Մենք եղել ենք ընտանիքի նման, նրանցից շատերի հետ մինչ այսօր մտերմիկ կապի մեջ ենք, շատերն էլ արդեն իրենց պարային խմբերն են ստեղծել. Ես հաճախ խորհուրդներ եմ տալիս ու հպարտանում նրանցով»,- նշեց 39-ամյա պարուհին ու ավելացրեց, որ Ֆրանսիայում եւս չի հեռացել իր աշխատանքից եւ հիմնել է իր պարային խումբը. «Այստեղ մանկական խումբ ունեմ, հաճախ եմ զուգահեռներ տանում հայերի եւ արտերկրի երեխաների ընդունակությունների միջեւ ու մի բան հաստատ եմ պարզել՝ հայ երեխաները ավելի ընդունակ են: Արդեն աշխատում եմ բացել իմ երկրորդ պարային խումբը, որի հետ ավելի պրոֆեսիոնալ պետք է աշխատեմ»:
Հետաքրքրվելով, թե չի ցանկանում արդյոք իրեն փորձել արտերկրի շոու բիզնեսում, երգչուհին պատմեց. «Ինձ ծանոթ շատ ֆրանսիացիներ, երբ տեսնում կամ լսում են իմ աշխատանքները, մշտապես միեւնույն հարցն են տալիս, թե ինչու չեմ մասնակցում ֆրանսիական «The Voice» նախագծին, բայց դեռ չեմ կարող ինձ այդչափ նվիրել աշխատանքին, քանի որ նման նախագծերը երկարաժամկետ են, իսկ որդիս դեռ փոքր է»: Մայա Մարգարյանին հանրությունը տեսել է ոչ միայն երգչուհու եւ պարուհու աշխատանքում, այլ նաեւ բազմիցս հետեւել է նրա դերասանական խաղին, սակայն հիմա այս առումով աշխատանքների մասին նա դեռ չի ուզում խոսել:


Մայան եղել է այն հայտնի երգչուհիներից, ում անձնական կյանքը մշտապես քննարկվել է, սակայն այս պարագայում նա ունի իր դիրքորոշումը. «Ասեկոսեները անհետաքրքիր են ինձ: Իմ ընտանեկան կյանքը չափազանց ուրախ է անցնում, իսկ որդուս՝ Ալեքի, ծնունդից հետո իմ ու ամուսնուս համատեղ երջանկությունը կրկնապատկվել է: Նա ամեն օր մի նոր բան է սովորում, լսածը կրկնում իր անուշ թոթովներով եւ մերը օրը հագեցած է լինում իրենով»,- պատմեց Մայան ու հավելեց, որ ինքն ու ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Դավթյանը, արդեն մտածում են երկրորդ բալիկի մասին. «Իսկապես մեծ երջանկություն է հետեւել, թե ինչպես է մեծանում երեխադ»,- ընդգծեց նա:

Life.panorama.am-ը Մայա Մարգարյանից հետաքրքրվեց, թե հայրենիքից հեռու հայացք գցելով հայկական շոու բիզնեսին, ինչպիսի՞ն է նրա կարծիքը, ինչին երգչուհին ի պատասխան նշեց. «Այն ինչ տեսնում եմ աննկարագրելի ցածր որակի երաժշտություն է՝ միայն հարսանեկան երգեր, կարծես բոլորը միեւնույն երգը երգեն, համացանցում էլ նույն իրավիճակն է: Հայկական շոու բիզնեսում ուզում եմ առանձնացնել Լիլիթ Հովհաննիսյանին, ում շատ եմ հարգում իր կատարած աշխատանքի շնորհիվ. ուրիշ մակարդակ, որը ցավոք, որքան նկատել եմ, հարգանքի փոխարեն շատերի մոտ նախանձ է առաջացնում: Հետեւելով նրա տեսահոլովակների գրառումներին՝ հասկանում եմ, որ մարդիկ զայրանում են նրա գեղեցկությունից ու կատարաողականության բարձր որակից: Օրերս մի հաղորդում տեսա, որից հետո նույնը կարող եմ ասել նաեւ Իվետա Մուկուչյանի մասին: Մնացածը մի մեծ հարսանյաց բենդ է. սա սուբյեկտիվ հայացք է Եվրոպայից: Ի դեպ, սա քննադատում չէ, ես շատ լավ գիտեմ շոուբիզնեսի ներքին խոհանոցը, ավելին` ես ընկերներ ունեմ այդտեղ ու գիտեմ այս ասպարոզի բոլոր մանրուքներն ու խնդիրները, պարզապես իմ տեսակետը այն է, թե ինչպես է մեր շոու բիզնեսը դիտվում դրսից»,- պատմեց Մայա Մարգարյանը:
Իսկ զրույցի վերջում խոսելով հայրենիք նրա վերադարձից՝ Մայան նշեց. «Իհարկե, կվերադառնամ, պարզապես իմ կյանքում այս նոր մթնոլորտը ճիշտ ժամանակին էր»:


