17:34 , 23 հոկտեմբեր, 2012Երբ քոքոբելյանական խմբակը պոկվեց Կոնգրեսից, մենձ քաղաքագետները եւ առավել մենձ լրագրողները սրեցին իրենց լեզուները եւ գրիչները, ու մտավարժանքների պղտոր հեղեղը լափին տվեց: Բնականաբար, Կոնգրեսին վերագրվեց աշխարհիս երեսին գոյություն ունեցող եւ դեռեւս անհայտ բոլոր մեղքերը, իսկ քոքոբելյանական խմբակի գլխին լուսապսակ դրվեց` տղերքը չդիմացան Կոնգրեսի անհանդուրժողականությանը. իրենք, հասկանում եք, աննկարագրելի ազատասեր են ու աներեւակայելի դեմոկրատ, համ էլ` էլ դու սուս վճռական են, հեսա գնալու են ու նախագահականի քարը քարի վրա չեն թողնելու (դե, ոնց որ էն մնացած Կոնգրեսից դուրս եկողներ): Կոնգրեսի գլխին կռկռացողներն ավելացան, բայց քոքոբելյանական խմբակը գերխնդիրը չկատարեց` ոչնչացնել Կոնգրեսը: Պատվիրատուն սխալ «օբյեկտ» էր ընտրել. Քոքոբելյանի ֆիզիկական քաշը պատկառազդու էր, բայց մտքի թռիչքը մանրչարչիական մակարդակից ավելի չէր ձգում: Բայց դե` էս մարդը մի առավելություն էլ ուներ` գրպանի քաշն էլ էր պատկառազդու, եւ դրսից մի քանի «կարդացվոր» էլ մտան Քոքոբելյանի թեւի տակ… Կներեք, գրպանը: Դե, քանի որ գերխնդիրը չկատարվեց, բնականաբար` մանրչարչիական տաղանդը գործեց: Պարզվեց, ազատ դեմոկրատները դեռ մանկուց երազել են «Ժառանգության» հետ պսակվել ու փեսա Րաֆֆիին նստեցնել հայոց գահին: Հը, ի՞նչ կասես, Րաֆֆի ախպեր: Դե, ի՞նչ պիտի ասի, Րաֆֆին ու ժառանգներն էլ էին մանկուց երազել ըմբոշխնել քոքոբելյանական խմբակի բարիքները: Դեր եմ, ՀՀ քաղաքացի դեմոկրատներ, ես քեզ` էս, դու ինձ` էսքան, ու պսակադրությունը կայացավ: Մե քեեեեեեեեեեֆ, մե ուրախություուուուն, մե ծիծաաաաաաաաղ, տաշի տուշի հայկանուշի... Մենձ քաղաքագետների ու մենձ լրագրողների քեֆին էլ քեֆ չէր հասնում` հավեսոոոոոով, հավեսոոոոոոոոոով, ով ունի, ով ունի…