Ամուսնության փոխարեն՝ ամբաստանյալի աթոռ


17:06 , 11 ապրիլ, 2015

Pastinfo.am-ը գրում է.
Արարատի մարզի գյուղերից մեկում երիտասարդ աղջիկն իր սիրեցյալի դեմ սուտ հաղորդում է տվել՝ նրան մեղադրելով իրեն առևանգելու մեջ:
 
Հետաքրքրական է, որ աղջկա հաղորդման վրա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հունվարի 10-ին աղջիկը համաձայնել է ամուսնանալ համագյուղացի տղայի հետ ու փախել նրա հետ: Բայց հաջորդ օրը, ծնողներից վախենալով, վերադարձել է ու նրանցից ճշմարտությունը թաքցնելով` հայտնել, թե տղան իր կամքին հակառակ փախցրել է իրեն:
 
Նույնն աղջիկը պնդել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնում՝ ըստ էության սուտ մատնություն կատարելով ու գրավոր հաղորդում տալով այն մասին, որ հունվարի 10-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքից ավտոբուսով տուն վերադառնալիս, ճանապարհին համագյուղացի տղան կանգնեցրել է ավտոբուսը, իրեն ուժով իջեցրել ավտոբուսից, նստեցրել ավտոմեքենան և ամուսնության նպատակով առևանգել ու տարել է Չարենցավան քաղաքում բնակվող իր ազգականի տուն:
 
Նախաքննության արդյունքում, սակայն, իրականությունը պարզվել է, ու աղջիկը հայտնվել է դատարանում՝ ամբաստանյալի աթոռին: