Թուրքիայում բարձր մակարդակով հարգել են հայտնի հայասպանի հիշատակը


15:16 , 11 ապրիլ, 2015

1911in.am-ը գրում է.

Թուրքիայի Յոզղատ նահանգում զանգվածային կերպով նշել են «ազգային նահատակ» Մեհմեթ Քեմալի հիշատակը, ով Հայոց ցեղասպանության իրականացնողներից է:

Ցեղասպանության տարիներին Մեհմեդ Քեմալը եղել է Բողազլըյանի կայմակամը (գավառապետը)՝ ակտիվորեն իրագործելով տեղի հայերի կոտորածները: Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանը 1919 թվականին նրան դատապարտել է մահապատժի՝ հայերի դեմ կատարած անմարդկային հանցանքների համար:

1922 թվականին՝ քեմալական շարժման տարիներին, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նրան հայտարարել է «ազգային նահատակ» («ազգային շեհիթ»): Հետագա տարիներին թուրքական պետության և հասարակության շրջանում շարունակվել է հայերի զանգվածային կոտորածներն իրականացրած այս գործչի հերոսացումը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, օրերս էլ Բողազլըյանում միջոցառում է անցկացվել՝ նվիրված Քեմալի հիշատակին: Միջոցառմանը ներկա են եղել Յոզղատի նահանգապետ Աբդուլքադիր Յազըջըն, Բողազլըյանի գավառապետ Ահմեթ Դիլսիզը, բարձրաստիճան զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ երիտասարդներ և երեխաներ: Հավաքվածները ծաղկեպսակ են դրել Քեմալի հուշարձանի մոտ: Թուրքիայի օրհներգը լսելուց հետո հավաքվածներն ուղևորվել են տեղի դպրոցներից մեկը, որտեղ ոճրագործի մասին բեմադրություն է ցուցադրվել: