13:13 , 11 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Ամերիկյան Hewlett-Packard (HP) ընկերությունը ծրագրում է լքել հանրային ամպային ծառայությունների շուկան: Պատճառը ոլորտում ուժեղ մրցակցությունն է, որը հարուցում են Amazon-ը, Google-ը և Microsoft-ը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
HP-ի ամպային բիզնեսի ղեկավար Բիլ Հիլֆը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ընկերությունը մի շարք սխալներ է թույլ տվել, որոնք ի վերջո այդպիսի հետևանքների են հանգեցրել: «Մենք կարծում էինք, որ մարդիկ մեզնից հաշվողական հզորություններ կվարձակալեն կամ կգնեն: Սակայն մենք չկարողացանք պայքարել հավասար պայմաններով»,- նշել է նա:
Այնուամենայնիվ, խոսքն ամպային ծառայությունից լրիվ հեռանալու մասին չէ: Ամերիկյան արտադրողը կշարունակի վաճառել Helion Rack համակարգը՝ OpenStack և Cloud Foundry բազայով մասնավոր ամպի կարգաբերված և փորձարկված հարթակը:
Բացի դրանից՝ HP-ն կշարունակի Cloudline և Moonshot հիպերմասշտաբային ծառայությունների, ինչպես նաև մասնավոր և հիբրիդային ամպային համակարգերի որոշ լուծումների վաճառքը: Սակայն ընկերությունը ստիպված կլինի դադարեցնել մրցակցել այնպիսի ապրանքների հետ, ինչպիսին Amazon Web Services-ն է: