ԻՊ հիերարխիայում առաջատար դիրքեր են զբաղեցնում սաուդցիներն ու իրաքցիները


17:07 , 10 ապրիլ, 2015

ԻՊ-ի (Իսլամական պետություն) խմբավորման բանտերից մեկից փախուստի դիմած կալանավորը պատմել է, որ մի շարք գրոհայիններ նույնպես փորձել են դուրս պրծնել ԻՊ ճիրաններից, սակայն ձերբակալվել են և մահապատժի ենթարկվել: Հալեպի ալ-Բաբ բանտից փախած նախկին կալանավորը չի ասում իր իրական անունը՝ վախենալով վրեժից: Հարցազրույցի ընթացքում պայմանական Օմար անունը կրող նախկին գերին նշել է, որ ԻՊ հիերարխիայում առաջատար դիրքեր են զբաղեցնում սաուդցիներն ու իրաքցիները: Բրիտանիայի քաղաքացիները հիմնականում լուրջ մասնագետներ են տարբեր ոլորտներում: Իսկ ամենացածր դիրքերում գտնվում են հենց սիրիացիները: Օմարը պատմում է, որ մի կարճ ժամանակ նա գտնվել է ճապոնացի լրագրող Քենջի Գոտոյի հետ նույն վայրում: Այնուհետև Գոտոյին տարան Ռաքայի բանտերից մեկը և մահապատժի ենթարկեցին: Ըստ Օմարի՝ նրան բանտարկության ժամանակ մեկ անգամ էին սնունդ տալիս և ենթարկում էին անմարդկային տանջանքների: Նրա ընկերներից շատերը մահացել են՝ հենց այդ տանջանքներին չդիմանալով: