16:36 , 10 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Դամասկոսի մոտակայքում գտնվող պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարը, որը գրավել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, վերածվում է «մահվան ճամբարի»։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարն անսովոր կտրուկ հայտարարությամբ նշել է, որ «սիրիական սարսափում «Յարմուկ» ճամբարն ամենասարսափելի դժոխքն է»։
Նա նշել է, որ ճամբարում գտնվող գրեթե 16.000 մարդ, որոնցից 3.500-ը՝ երեխաներ, օգտագործվում են ջիհադիստների կողմից որպես կենդանի վահաններ։ Բացի այդ, փախստականները տառապում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերի կողմից ճամբարի ուղղությամբ արձակված հարվածներից։
««Յարմուկում» իրավիճակն էպիկական մասշտաբների հումանիտար աղետի է հասել։ Այն անհրաժեշտ է անհապաղ կայունացնել։ Մենք չենք կարող պարզապես կանգնել և նայել զանգվածային բռնություններին։ Մենք չենք կարող մարդկանց թողնել բախտի քմահաճույքին»,- ասել է Բան Կի Մունը։