16:30 , 10 ապրիլ, 2015
ArmeniaTV.am-ը գրում է.
Ուր է Քիմ Քարդաշյանը: Հարցը կեսօրից հետո հետաքրքրում էր հյուրանոցի շքամուտքի մոտ սպասողներին: Անգամ թիկնապահներն էին կես կատակ կես լուրջ ակնարկում, որ հեռուստաաստղի օրակարգը ամեն րոպե փոխվում է: Քիմին սպասարկող մեքենաները մեկը մյուսի ետևից պտտվում էին հյուրանոցի շուրջ ու մոլորության մեջ գցում երկրպագուներին:
Րոպեներ անց լուր տարածվեց, թե Քիմն ուղևորվել է Կոտայք: Ամերիկահայ աստղը վաղուց շարժվել էր տեսնելու գեղատեսիլ վայրերը: Քիմը, Քանյեն, նրանց դուստրն ու Քիմի քույրերը շրջեցին Գեղարդի վանական համալիրում, նկարահանեցին իրենց հաղորդման մի մասը:
Քիմի շուրջ հսկողությունն ամենուր է ուժեղացված, նրա անձնական թիկնապահներն են, պահնորդական ծառայողներն ու ոստիկանության ստորաբաժանումները, երբեմն նրան հեռվից նկարահանելն էր անհնար դառնում: Գեղարդավանքում շրջայցից ու նկարահանումներից հետո Քիմն իր մերձավորների հետ ուղևորվեց Գառնի: Նախատեսվում էր Քիմին նկարահանել գյուղական տանը` թոնրի մոտ: Հաղորդման միայն այս մանրամասներն են հայտնի, Քիմի գաղտնիքները մնացին հյուրընկալող տան դռներից այն կողմ: