Հայերը՝ նախաճաշին, քրդերը՝ ընթրիքին. քուրդ մարդաբանը Հայոց ցեղասպանության մասին


16:18 , 10 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիական միջազգային ռադիոկայանի (RFI) հատուկ թղթակիցը Դիարբեքիրում հանդիպել է քուրդ մարդաբան, «100-ամյա հառաչ. 1915-ի Դիարբեքիրը հավաքական հիշողության հետքերով» գքրի համահեղինակ Ադնան Չելիքի հետ։

Նամիք Քեմալ Դինչի հետ համատեղ գրված գրքում ներկայացված են քրդերի վկայությունները Հայոց ցեղասպանության մասին։ Դիարբեքիրում զանգվածային սպանությունների զոհ է դարձել ավելի քան 100.000 մարդ։

Օսմանյան իշխանությունների հրամանով հանցագործություններն իրականացրել են հիմնականում տեղի քրդերը։ Այսօր այդ քաղաքում, որն անվանում են Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք, 100 տարվա վաղեմության դեպքերը հիշում են ինչպես երեկ։ 

«Հայոց ցեղասպանության պատմությունը քրդերի շուրթերին է»,- ասում է գրքի համահեղինակ Չելիքը։

«Իմ տատիկն իսլամացված հայ է եղել։ Երբ ես փոքր էի, միշտ լսում էի պատմություններ հայերի տանջանքների մասին։ Շատ պատմություններ էր պատմում տատս, սակայն գյուղի բնակիչները նույնպես հիշում էին այդ ողբերգական դեպքերը։ Այստեղ հիշատակի շատ վայրեր կան, այդ պատճառով էլ ես որոշեցի գիրք գրել այն մասին՝ ինչպես են քրդերը պահպանել ցեղասպանության մասին հիշողությունը։ Հայտնի է, որ ժամանակակից Թուրքիայի պաշտոնական պատմության մեջ Հայոց ցեղասպանության մասին դեպքերը բացակայում են։ Այդ պատճառով էլ երիտասարդ թուրքերը չգիտեն այդ մասին»,- պատմել է Չելիքը։

Նրա խոսքով՝ մինչև 1970-ականները քրդերի մեծամասնությունը գրել և կարդալ չի իմացել և դուրս է մնացել ընդհանուր կրթական համակարգից։ Հայոց ցեղասպանության պատմությունը նրանք փոխանցել են սերնդեսերունդ բանավոր կերպով։

Մարդաբանի խոսքով՝ սեփական իրավունքների համար երկար ժամանակ պայքարող քրդերը պատրաստ են նայել ճշմարտության աչքերին։ Տեղի քրդական իշխանությունները մտադիր են վերադարձնել ցեղասպանությունից հետո վերանվանված գյուղերի նախկին անվանումները։

Չելիքը խորհրդանշական է համարում նաև Դիարբեքիրի համայնքի մասնակցությունը Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգմանը։ Այսօր այնտեղ կարելի է հանդիպել նաև մարդկանց, ովքեր եկել են հայերից ներողություն խնդրելու իրենց նախնիների փոխարեն։

«Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական իշխանությունները շարունակում էին հետապնդել քրդերին։ Նախորդ դարի 20-ականների կեսերին Թուրքիայում սկսվեցին քրդական ապստամբությունները։ Այդ ժամանակ նրանք հասկացան, որ հայերի հետ հարցերը լուծելուց հետո, թուրքերն անցել են իրենց։ Դա ստիպեց նրանց վերանայել 1915-ի դեպքերը։ Քրդերն այսպիսի ասացվածք ունեն՝ հայերը՝ նախաճաշին, քրդերը՝ ընթրիքին։ Այսօր քրդերը կապ են տեսնում հայերի սպանությունների և իրենց հանդեպ ճնշումների միջև, այդ պատճառով էլ քրդերի պայքարը կապված է Հայկական հարցի հետ»,- ասել է Չելիքը։