15:18 , 10 ապրիլ, 2015
Ապրիլի 9-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Իտալիայի Հանրապետություն կատարած իր այցի շրջանակներում երեկոյան ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, որի ժամանակ հանդես է եկել ելույթով։
Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու մտերմիկ վերաբերմունքի համար և ընդգծել է հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կարևորությունը։ Այնուհետև նախագահն իր խոսքում անդրադարձել է 2015 թվականի կարևորությանը հայ ազգի և համայն աշխարհի համար, որովհետև այն խորհրդանշում է ոչ միայն 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցը, այլև հետագայում ցեղասպանությունները կանխարգելելու կարևորությունը։
Սերժ Սարգսյանն նշել է, որ Հայոց ցեղասպանությունը պարարտ հող նախապատրաստեց այլ ցեղասպանությունների համար՝ Հոլոքոսթ, Ռուսանդա, Կամբոջա, Սուդան, և այժմ էլ ցեղասպանությունները հնարավոր են, եթե պետությունները չստանձնեն պատասխանատվություն այսօր ցեղասպանության վտանգին առերեսվող մարդկանց առջև։
«Երբ անթույլատրելին դառնում է թույլատրելի, երբ անընդունելին ընդունվում է միջազգային հանրության կողմից՝ ծնունդ են առնում նոր բարբարոսներ: Այս օրերին Մերձավոր Արևելքում Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից քրիստոնյաների հանդեպ իրականացվող ոճրագործությունները հետևանքն են հենց ամենաթողության, անպատժելիության: Որպես մի ազգի ներկայացուցիչ, որը հարյուր տարի շարունակ պայքար է մղում ցեղասպանությունների կրկնության դեմ՝ հավատացնում եմ ձեզ, որ այդ հանցագործությունն արդյունք չէ քրիստոնյա և մահմեդական, հրեա և գերմանացի, հայ և թուրք, հութու և թութսի տարանջատման, այլ արդյունք է այն ջրբաժանի, որ առկա է համընդհանուր հիմնարար արժեքներ կրողների և դրանք ժխտողների միջև», - ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահը նաև կարևորել է այն, որ Իտալիան հանդիսանում է այն պետություններից մեկը, որոնք այսօր պայքարում են ցեղասպանությունների կրկնության դեմ, և մի երկիր է, որը խորհրդարանի ստորին պալատի մակարդակով ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։
Իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է հայ-իտալական երկարամյա հարաբերություններին և կարևորել հատկապես խորհրդարանական մակարդակում ամուր համագործակցությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Արցախյան հարցում անկողմնակալ ու հավասարակշռված դիրքորոշում դրսևորելու համար։
Սերժ Սարգսյանը նաև խոսել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին և վստահություն հայտնել, որ որպես ԵՄ-ի չափանիշներին ամենաշատը համապատասխանող ԵՏՄ անդամ երկիր՝ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև։
Ամփոփելով իր խոսքը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ թեև մեր պետությունների պաշտոնական հարաբերությունները 24 տարի են հաշվվում, սակայն հայ և իտալացի ժողովուրդների բարեկամությունը շատ ավելի հին պատմություն ունի, իսկ Իտալիայի ազգային հերոս Գարիբալդիի պայքարն այնքան ոգեշնչող է եղել մեզ համար, որ դրան նվիրված Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործությունը դարձել է հիմք Հայաստանի Հանրապետության պետականության խորհրդանիշներից մեկի՝ պետական օրհներգի համար։


