13:16 , 10 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Չինական խոշորագույն ծրագրի` Մետաքսի մեծ ճանապարհի կառուցման հարցում Իրանի և Չինաստանի շահերը համընկնում են և կիզակետվում Հայաստանի վրա: Մայրուղու երթուղու ընտրության հարցում Հայաստանն առավել գերադասելի է այդ պետությունների համար, քանի Իրանի հետ հարաբերությունների հարցում Ադրբեջանը այդքան էլ լավ դիրքում չէ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը ` խոսելով հայ-չինական և հայ-իրանական հարաբերությունների զարգացման տեսլականի մասին:
«Մետաքսի ճանապարhի ծրագրի իրականացումը Չինաստանը փորձում է իրագործել Ճանապարհների մեծ փնջով, քանի որ միայն մեկ մայրուղու կառուցումը առավել ռիսկային է: Այս տեսանկյունից Հայաստանն ունի առավելություն, որովհետև, եթե պատկերացնենք, որ մայրուղիներից մեկը պետք է անցնի Իրանով, ապա այստեղ ճանապարհները շատ չեն, և մայրուղին պետք է հատի կամ Հայաստանը, կամ Ադրբեջանը: Իրանը Հայաստանի հետ ունի դրացիական լավ հարաբերություններ, որին զիջում են Ադրբեջանի հետ հարաբերությունները: Հետևաբար, Չինաստանի համար առավել արդյունավետ է այդ ճանապարhը անցկացնելՀայաստանով, որ իր ներդրումների հետվերադարձի հետ կապված խնդիրներ չունենա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Մինասյանը:
Մետաքսի ճանապարհի ծրագրում Հայաստանի մասնակցությունն ապահովելու տեսանկյունից ԱԺ պատգամավորը կարևոր քայլ համարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Չինաստան:
«Չափազանց խոստումնալից է ՀՀ նախագահի հանդիպումների շարքը Չինաստանի ղեկավարության հետ: Հայաստանն Իրանի հետ կապող ցամաքային լավ ճանապարհի ստեղծումն ընթացքի մեջ է: Խոսքը գնում է Հյուսիս-հարավ մայրուղու մասին, իսկ երկաթուղային կապի ստեղծումն էլ օրակարգային է»,- ասաց նա:
2013 թվականի սեպտեմբերին ՉԺՀ-ի ղեկավարությունը Բիշքեկում հնչեցրել է Մետաքսի մեծ ճանապարհի համատեղ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունը, որը նախկինում Արեւելքի ու Արեւմուտքի երկրներին կապում էր Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միջոցով:
Խոսքը վերաբերում է Արեւելքից Արևմուտք արտոնյալ պայմաններով ապրանքների ուղղակի մատակարարումների համար առևտրական փոխադրամիջանցք ստեղծելուն: