Տպավորություն է, որ Ժիրայրը և իր ընկերները ցանկանում էին ձերբակալվել. Արմեն Ռուստամյան


12:31 , 10 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների ձերբակալությամբ ոտնահարվեց ՀՀ Սահմանադրությունը, պատասխանեց, թե դա պարզ կդառա ձերբակալության ընդհանուր պատկերին ծանոթանալով, որն ըստ նրա՝ այս պահին հայտնի չէ:

«Հուսով եմ, որ փաստաբանն ավելի մանրամասն կծանոթանա, որպեզի պարզ դառնա՝ կայի՞ն հիմքեր կանխարգելիչ գործողություն իրականացնելու համար»,-ասաց նա: 

Ռուստամյանը նշեց, թե ժամանակին իր կողմից արված հայտարարությունը «դժբախտաբար սխալ է ընկալվել», քանի որ դա ընդամենը պետք է զգուշացում լիներ Սեֆիլյանին և մյուսներին. «Բայց դրա փոխարեն վայրահաչոցներ լսեցինք»:

«Հենց այդ կանխարգելման հետ է կապված, խոսքը գնում է անթույլատրելի նախապատրաստության մասին, երբ համապատասխան մարմինը կարող է կանխարգելել, ինչն էլ տեղի ունեցավ»,-ասաց նա:

ՀՅԴ պատգամավորը նկատեց, թե տպավորություն է, որ Ժիրայրը և իր ընկերները ցանկանում էին ձերբակալվել:

«Պարզ է, որ նման գործողությունները կարող էր բերել համապատասխան վերաբերմունքի»,-ասաց նա և հավելեց, թե չի էլ բացառում, որ ապրիլի 24-ից հետո այդ հիմքերը, որոնք ծառայել են որպես ապացույց ձերբակալությունները կատարելու համար, վերանան, և 24-ից նրանք ազատ արձակվեն:
Ռուստամյանը հավելեց, թե ինքը ասում է  ոչ թե նրա համար, որ նախապես տեղյակ է, այլ որովհետև նման ակնհայտ բաները պետք է կարողանալ տեսնել:

«Եթե նման ակնհայտ բաներ չեն տեսնում, մանավանդ քաղաքական պայքարի դուրս եկած մարդիկ, ապա դա պրոբլեմ է իրենց համար»,-ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ իշխանափոխության հարց բոլոր ոչ իշխանական ուժերը կարող են դնել, բայց դրա համար ժամանակ կա, տեղը կա:

«Կարող են շարունակել , բայց չպետք է ֆիքսել այդ օրվա վրա»,-ասաց նա:

Իսկ եթե իշխանությունները ոտնահարել են Սահմանադրությունը, ապա ըստ Ռուստամյանի, նրանք կարող են դիմել նաև Եվրադատարան: