Ջոն Քերին կհանդիպի Կուբայի արտգործնախարարի հետ


08:42 , 10 ապրիլ, 2015

 Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր հանդիպելու է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր երեկոյան Պանամայում, որտեղ կայանալու է Ամերիկաների գագաթաժողովը, կհանդիպի Կուբայի արտգործնախարարի հետ»,- ասել է Հարֆը:

Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին ԱՄՆ նախագահն առաջարկել էր չեղարկել դեռևս 1962 թվականին Կուբայի դեմ սահմանված էմբարգոն:

ԱՄՆ նախագահը նաև հաղորդել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Կուբան ահաբեկչությանն աջակցող պետությունների ցանկից հանելու հարցը:

Մարտի 11-ին ԱՄՆ-ի ու Կուբայի միջև վերականգնվել էր ուղիղ հեռախոսակապը, իսկ Կուբայի իշխանությունները Վաշինգտոնի պահանջով բանտերից ազատ էին արձակել 53 քաղբանտարկյալների: