Ամերիկացին ռեստորաններից հավաքում է ավելացած ուտելիքները և բաժանում անօթևաններին


06:58 , 10 ապրիլ, 2015

Tert.am–ը գրում է.

24-ամյա նյույորքցի Ռոբերտ Լին այն քչերից մեկն է, ովքեր թողնում են իրենց աշխատանքը կամ էլ իրենց աշխատանքն օգտագործում են` կյանքում  ինչ-որ բան փոխելու համար:  

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` նա «Փրկելով խոհանոցային  մնացորդները» նախաձեռնության համահեղինակն է: Այդ նախաձեռնության կազմակերպիչների նպատակն է՝ վերջ դնել քաղաքային սովահարությանը, ինչի նպատակով էլ նրանք հավաքում են ավելացած ուտելիքները խոշոր հաստատություններից և բաժանում աղքատներին:

Լիի խոսքով՝ սնունդի հանդեպ իր պահպանողական մոտեցումը գալիս է իր կորեացի  ներգաղթյալ  ծնողներից, ովքեր երեխա ժամանակ պնդում էին սրբել ամանները և ուտելիք չթողնել դրանց մեջ: Ուսանողական տարիներին Լին որպես կամավոր աջակցել է տարբեր կազմակերպությունների, որոնք կերակրում էին անօթևաններին:

Այժմ Լին իր օգնականների հետ միասին անցնում է Նյու Յորքի փողոցներով` ռեստորաններից վերցնելով ավելացած ուտելիքի տոպրակները, որը հաստատությունները համաձայնում են նվիրաբերել՝ դեն նետելու փոխարեն: Այնուհետև հավաքաված սնունդը նրանք հասցնում են մոտակա տարածքներում գտնվող անօթևաններին: