Սիրիական բանակը Յարմուք ճամբարի մերձակայքում ռազմական գործողություններ է ծավալում ԻՊ-ի դեմ


05:53 , 10 ապրիլ, 2015

Lurer.com–ը գրում է.

Սիրիական բանակը ռազմական գործողություններ է ծավալում պաղեստինցի փախստականների Յարմուք ճամբարի մոտ գտնվող Հաջ Ասուադ շրջանում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական գործողությունները համաձայնեցվել են պաղեստինյան ուժերի հետ, որպեսզի միասնական ճակատով պայքարեն ահաբեկիչների դեմ: Սիրիայի կառավարությունը երեք հազար օգնու թյան փաթեթներ է տրամադրել Դամասկոսի մերձակայքում գտնվող Բիբլա, Յալդա և Բեյթ Սահամ գյուղաքաղաքներում հաստատված Յարմուք ճամբարի բնակիչներին: Օգնության փաթեթների մեջ ընդգրկվել են տարբեր տեսակի մթերքներ: Յարմուք ճամբարի մեծ մասը, մեկ շաբաթից ավելի է, հայտնվել է ԻՊ-ի և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումների հսկողության տակ:

«ՍԱՆԱ» գործակալության տեղեկացմամբ` բանակն ամբողջությամբ իր հակակշռի տակ է առել Զաբադանիի շրջանում գտնվող Սանդայա ամրոցը՝ ոչնչացնելով մեծ թվով ահաբեկիչների և նրանց պատկանող զենքերը: Բանակի ստորաբաժանումներից մեկը կանխել է ահաբեկիչների մուտքը Հալեպի Բաբ Նասր, Բաբ ալ Հադիդ թաղամասեր: Բախումների ժամանակ ահաբեկիչները լուրջ վնասներ են կրել: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հուր Քալաս շրջանում ականապատ մեքենայի պայթյունի արդյունքում «Ջաբհա ան Նուսրայի» մոտ 40 ահաբեկիչներ են սպանվել:

Սիրիական ուժերն աշխատանքներ են տանում «Ջաբհա ան Նուսրայի» և այլ ծայրահեղական խմբավորումներին Իդլիբ քաղաքից վտարելու, ինչպես նաև թուրքական տարածքից նրանց մուտքն արգելելու ուղղությամբ: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` բանակը Իդլիբի հարավում գտնվող գյուղերի ահաբեկիչների թաքստոցներ է ոչնչացրել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը Լաթաքիայի մարզում հսկողություն է հաստատել երկու կարևոր 803 և 767 կետերի վրա՝ ահաբեկիչներին պատճառելով մեծ վնասներ: