Ուրիշի ընկերուհուն զանգելու համար փակ «գարաժում» ծավալված «ռազբորկան» մահացու ավարտ կարող էր ունենալ


22:17 , 9 ապրիլ, 2015

Screen-Shot-2014-11-09-at-11in.am-ը գրում է.

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Էրիկ Մկրտչյանի, Սերգեյ Շահբազյանի և Հայկ Ղարիբյանի գործի դատական քննությունը:

2013 թվականի հոկտեմբերին Երևանի Մամիկոնյանց փողոցի ավտոտնակներից մեկի ներսում բուռն կռիվ է եղել՝ աղջկան զանգելու առիթով:

Ամբաստանյալի աթոռին նստած են երկու կողմերի ներկայացուցիչները, նրանք կռվից տուժողներ են ու միաժամանակ՝ մեղադրվողներ:

Ըստ գործի տվյալների՝ Էրիկ Մկրտչյանի բարեկամ Հրանտի ընկերը՝ Վաչեն, հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել մի աղջկա՝ իր նախկին գործընկերուհուն, ում համակրել է: Բայց աղջիկն ընկեր է ունեցել, ինչի մասին տեղյակ է եղել Հրանտը:

Աղջկա ընկերը՝ Սերգեյը, կարդացել է հաղորդագրությունը, զանգահարել է Հրանտին: Պայմանավորվել են հանդիպել:

Հանդիպման Սերգեյը գնացել է իր ընկեր Հայկի հետ:

Հրանտը նրանց հրավիրել է իրենց բնակարան, որտեղ սեղան էր բացված Հրանտի՝ ինքնասպան եղած եղբոր հիշատակին:

Սերգեյը Հրանտին ու նրա ընկեր Վաչեին բացատրել է, որ աղջկա փեսացուն է, իրենք շուտով ամուսնանալու են: Խնդրել է աղջկան չանհանգստացնել:

Սերգեյն ու Հայկը հեռացել են:

Սակայն Հրանտը քիչ անց նորից է զանգել աղջկա հեռախոսահամարին: Պատասխանել է Սերգեյը:

Հրանտը խնդրել է հեռախոսը փոխանցել աղջկան, պատճառաբանել է, թե նրան ասելու բան ունի:

Սերգեյն ավելի է զայրացել, ասել է՝ նույն տեղո՞ւմ եք, հիմա գալիս եմ…

Հանդիպումը կայացել է Հրանտի հորեղբոր «գարաժում»:

Հանդիպմանը Սերգեյի հետ գնացել են Հայկը և պատահաբար Հայկի կողքին հայտնված հարևանը՝ Մանուկը:

Հրանտենք էլ չորս հոգով էին, նրանց հետ է եղել նաև Էրիկ Մկրտչյանը:

Հրանտը ներսից բանալիով փակել է ավտոտնակի դուռը:

Սերգեյը, Հայկն ու Մանուկը ավելի հաղթանդամ էին, ֆիզիկապես ավելի ուժեղ, բայց Հրանտենք էլ չորսով էին…

Փակված տարածքում կռիվ է սկսվել:

Նախաքննական մարմինը Հայկին ու Սերգեյին մեղադրանք է առաջադրել խմբի կազմում երկու հոգու միջին ծանրության վնասվածքներ հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Սերգեյը մեղադրվում է նաև առողջության թեթև վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Կռվի ընթացքում Էրիկ Մկրտչյանը դանակով հարվածել է Մանուկ Հարությունյանի կրծքին, ապա մի քանի հարված է հասցրել Հայկին՝ վերջինիս պատճառելով ծանր վնասվածք:

Երբ ավտոտնակում մի քանի հոգի արնաշաղախ են եղել, Հրանտը խառնվել իրար, դռան բանալին գցել է ձեռքից:

Սերգեյը բացել է ավտոտնակի դուռը…

Կռվողներն իրենց դուրս են նետել ավտոտնակից…

Նախաքննական մարմինը Էրիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրել ոչ թե ըստ հետևանքի՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու, այլ՝ ավելի ծանր արարքի՝ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալներից կալանքի տակ է սպանության փորձի համար մեղադրվող 24-ամյա Էրիկ Մկրտչյանը, իսկ 28-ամյա Սերգեյի և 31-ամյա Հայկի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Ավտոտնակային պարզաբանումից հետո Սերգեյն ամուսնացել է այն ընկերուհու հետ, ում անհարկի զանգելու համար այս կռիվը եղել է:

Այս գործով մեղադրողները հանդես են եկել մեղադրական ճառով: Նրանք հաստատված են գնահատել երեք ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները և միջնորդել են. Էրիկ Մկրտչյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ազատազրկման, Սերգեյ Շահբազյանին՝ 1 տարի 3 ամիս ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի, Հայկ Ղարիբյանին՝ 1 տարի ազատազրկման:

Իր պաշտպանական ճառում Սերգեյի և Հայկի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ազիբեկյանը նշեց, որ մեղադրական եզրակացության նկարագրական մասում չկա որևէ արտահայտություն, հիմնավորում կամ եզրահանգում այն մասին, թե Սերգեյն ու Հայկը համատեղ հարվածել են տուժողներ, միջին ծանրության վնասվածք ստացած Էդգարին ու Էրիկին:

Ըստ պաշտպանի՝ այսպիսով, մեղադրանքի որոշումները հակասում են մեղադրական եզրակացության նկարագրական մասին, մեղադրանքի որոշման ձևակերպումները առարկայազուրկ են ու անհիմն:

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասերով, պատասխանատվություն է նախատեսվում երկու կամ ավելի անձանց առողջությանը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար:

Այս գործով ձեռք բերված փաստական տվյալներից, ըստ պաշտպանի, չի բխում, որ Հայկն ու Սերգեյը խմբով, առավել ևս՝ համակատարմամբ են երկու տուժողների առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցրել:

Գործով ձեռք չի բերվել ու դատարանում չի հետազոտվել գեթ մեկ ապացույց, որ Սերգեյը հարվածել է Էրիկին, իսկ Հայկը՝ Էդգարին: Նման պայմաններում, ըստ պաշտպանի, իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքով նրանց որպես խմբի անդամներ դիտարկելը զուրկ է իրավական ու փաստական հիմքերից:

Պաշտպանը նշեց, թե մեղադրանքի ձևակերպումից պարզ չէ՝ Սերգեյն ու Հայկը համատեղ, որպես համակատարողներ տուժողներից կոնկրետ ո՞ւմ առողջությանն են միջին ծանրության վնաս հասցրել: Մեղադրանքի ձևակերպումից բացակայում են հանցակցության պարտադիր հատկանիշները:

Սերգեյ Շահբազյանի և Հայկ Ղարիբյանի մոտ հանցանք կատարելու միասնական դիտավորություն չի եղել, հանցանք կատարելու մասին նրանք պայմանավորվածություն չեն ունեցել:

Պաշտպանն ընդգծեց. «Գտնում եմ, որ պաշտպանյալներիս մեղադրանքի ձևակերպման մեջ գերակշռում է իրավաբանական խոտանը»:

Պաշտպան Ազիբեկյանն անդրադարձավ նաև նրան, որ իր պաշտպանյալ Սերգեյ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով այն դեպքում, երբ մասնավոր մեղադրանքի այդ գործը կարող էր հարուցվել միայն տուժողի բողոքի հիման վրա:

Տվյալ դեպքում տուժող Վաչեն բողոք, հայտարարություն կամ դիմում չի ներկայացրել՝ իր առողջությանը թեթև վնաս պատճառելու վերաբերյալ, հետևաբար քրեական հետապնդում չի կարող իրականացվել որևէ մեկի, մասնավորապես՝ Սերգեյ Շահբազյանի նկատմամբ:

Պաշտպանը նաև տարակուսեց. Հայկ Ղարիբյանին և Սերգեյ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել… առանց քրեական գործ հարուցելու: Ի սկզբանե քրեական գործ է հարուցվել Հայկ Ղարիբյանի՝ ծանր մարմնական վնասվածք ստանալու փաստով:

Այլ անձանց կողմից վնասվածքներ ստանալու փաստերով քրեական գործ չի հարուցվել: Այսինքն, խախտվել է օրինականության սկզբունքը, քրեական հետապնդում է իրականացվել առանց քրեական գործի առկայության: Հետևաբար, պաշտպանի պնդմամբ, իր պաշտպանյալների քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:

Պաշտպանը կարծիք հայտնեց, թե իր պաշտպանյալների արարքը նախաքննական մարմնի կողմից որպես խմբի կազմում կատարված արարք է որակվել միտումնավոր: Արարքները նույն հոդվածի առաջին մասով որակելու դեպքում հնարավոր է, որ տուժող կողմի բողոքի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացվեր:

«Ստացվում է, որ մեղադրանքի կողմը արհեստականորեն ծանրացրել է պաշտպանյալներիս մեղադրանքը՝ նրանց վերաբերյալ գործը դուրս բերելով մասնավոր մեղադրանքի դաշտից»,- ասաց պաշտպան Ա. Ազիբեկյանը:

Պաշտպանի տարակուսանքն է առաջացրել նախաքննական մարմնի մոտեցումը. Նույն գործի շրջանակներում Էրիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Հայկ Ղարիբյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Միաժամանակ, Հայկ Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել, որ նույն տեղում, նույն ժամին իրեն սպանելու դիտավորությամբ դանակով հարվածներ հասցնող Էրիկ Մկրտչյանի առողջությանը, Սերգեյ Շահբազյանի հետ խմբի կազմում, դիտավորությամբ միջին ծանրության վնաս է պատճառել: «Մեղադրանքի կողմի նման դիրքորոշումը տրամաբանական չէ, իմ պաշտպանյալների և Էրիկ Մկրտչյանի մեղադրանքների որոշումներն ակնհայտորեն հակասում են իրար»,- ասաց պաշտպանը:

Նա ընդգծեց, որ իր պաշտպանյալներ Հայկի և Սերգեյի գործողությունները այս գործի փաստական հանգամանքների լույսի ներքո միանշանակ պետք է գնահատվեն անհրաժեշտ պաշտպանության տեսանկյունից: Նրանք գործել են իրենց կյանքն ու առողջությունը հանցավոր ոտնձգությունից պաշտպանելու նպատակով: Իրադարձությունները ծավալվել են ավտոտնակում, որի դուռը հակառակորդների կողմից փակվել է բանալիով: Նախահարձակ են եղել հակառակորդները: Եվ իր պաշտպանյալներն ավտոտնակ են մտել նրանց նախաձեռնությամբ:

Պաշտպանն ասաց, որ գործելով անհրաժեշտ պաշտպանության վիճակում, իր պաշտպանյալները թույլ չեն տվել նաև պաշտպանության սահմանների անցում:

Պաշտպան Ա. Ազիբեկյանը միջնորդեց իր պաշտպանյալներ Սերգեյ Շահբազյանի և Հայկ Ղարիբյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ այն մեղադրանքներով, որոնցով նրանք ներգրավվել են որպես մեղադրյալներ:

Դատարանը ամբաստանյալ Սերգեյ Շահբազյանին հիշեցրեց, որ տուժող Վաչեի հետ հաշտվելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով նրա քրեական հետապնդումը կդադարեցվի: Մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ մտնելը ամբաստանյալն ու տուժողը կարող են ներկայացնել իրենց հաշտության վերաբերյալ դիմում: Առաջիկա նիստում պարզ կլինի՝ Սերգեյ Շահբազյանը պաշտպանի ներկայացրած ճառի ոգով սպասելու է արդարացմա՞ն, թե՞ վախենալով մեղադրական դատավճռից՝ փոխզիջման տարբերակով 117 հոդվածով հաշտվելու է տուժողի հետ…

Ամբաստանյալ Էրիկ Մկրտչյանի շահերի պաշտպան Վ. Զուռնաչյանի պաշտպանական ճառն ամբողջությամբ դատարանը կունկնդրի հաջորդ դատական նիստին: