19:04 , 9 ապրիլ, 2015
Aravot.am-ը գրում է.
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը այսօր հայտարարել է, որ BBC-ն իրենց լրագրողի Լեռնային Ղարաբաղի այցելությունից առաջ նամակով դիմել էր իրենց եւ տեղեկացրել էր այդ մասին:
BBC հեռուստաընկերության թղթակից Ռայհան Դեմիտրին այցելել էր Լեռնային Ղարաբաղ եւ ռեպորտաժ է պատրաստել այնտեղ ապրող մարդկանց ապրելակերպի, խնդիրների մասին: Azernews.az կայքի փոխանցմամբ՝ Հաջիեւը ասել է, որ BBC-ին իր թղթակցի համար խնդրել է թույլ տալ իրականացնել իր մասնագիտական գործունեությունը: «Թեեւ պատրաստված ռեպորտաժի որոշ դրվագներ վիճարկելի են, մենք, հիմնելով Ադրբեջանի օրենքի եւ մամուլի ազատության սկզբունքների վրա, հարգում ենք լրագրողի մասնագիտական գործունեությունը»,- մասնավորապես ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը: Արձագանքելով Հիքմեթ Հաջիեւի հայտարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի բաժնից Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ ԼՂՀ տարածքում իրավաբանական ուժ ունեն միայն Լեռնային Ղարաբաղի կողմից տրված հավատարմագրերը:
«Եթե լրագրողները ցանկանում են ԼՂՀ-ում մասնագիտական գործունեություն ծավալել, նրանք պետք է դիմեն ԱԳՆ-ին եւ ստանան համապատասխան հավատարմագիրը: Երրորդ երկրների կողմից տրված լրագրողական հավատարմագրերը ԼՂՀ-ում հաշվի չեն առնվում»:
Հիքմեթ Հաջիեւը նաեւ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են ռեպորտաժ պատրաստելու համար լրագրողի ներկայացրած դիմումը եւ դա բացատրել է վախի զգացումի առկայությամբ: Այս պնդմանը ԼՂՀ ԱԳՆ-ից պատասխանեցին, որ BBC-ի լրագրողը դիմել է ԼՂՀ ԱԳՆ եւ խնդրել հանրապետության տարածքում մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն:
«Ինչից հետո ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության կողմից լրագրողին տրամադրվել է համապատասխան հավատարմագիր՝ իրականացնելու մասնագիտական գործունեություն ԼՂՀ տարածքում։ BBC-ի կայքում ռեպորտաժի հրապարակումը, որն ընդգրկում է նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարի հետ հարցազրույցից մի հատված, արդեն իսկ ապացուցում է ադրբեջանական կողմի նման հայտարարությունների անհիմն լինելը»: