15:58 , 9 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Ռուսաստանը Թուրքիայի կողմից ապրիլի 24-ին անցկացվող Չանաքալեի (Գալիպոլի) հիշատակի արարողություններին կմասնակցի բարձր մակարդակով: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Միաժամանակ, Կրեմլն առայժմ չի հաստատում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է նույն օրը Երևանում անցկացվող Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
«Նախկինի պես ուսումնասիրվում է (այցի հնարավորությունը-խմբ.), մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը չի պատասխանել այն հարցին՝ արդյոք Պուտինի կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Չանաքալեի 100-ամյակի միջոցառումներին: «Ռուսաստանի Դաշնությունը բարձր մակարդակով կներկայանա Չանաքալեում մեր թուրք գործընկերների կողմից կազմակերպված հիշատակի միջոցառումներին»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին հրավիրեց մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Էրդողանը հայտարարեց, որ իրենք նույն օրը՝ ապրիլի 24-ին, նշելու են Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակը և այդ կապակցությամբ հրավեր են ուղարկել աշխարհի շուրջ 100 երկրների: