13:46 , 9 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը չի կարևորում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:
«Կլոր տարեթիվ է, կանցնի, մտահոգություն ունեմ, որ հանկարծ մարդկանց մոտ կարող է մի հուսահատ շրջան սկսել հարյուրամյակից հետո, կարծելով թե արմատական շրջադարձ պետք է տեղի ունենար: Գոնե ես կարող եմ արձանագրել մի փաստ, 100-րդ տարելիցի նախաշեմին մենք՝ որպես ժողովուրդ հասանք մի ընդհանուր հանրային մտածողության, որտեղ ճանաչման գործընթացը, որը վերջին հիսուն տարում ուղեկցել է Ցեղասպանության խնդրին, այսօր իր տեղը զիջում է հատուցման համահայկական մոտեցմանը»,- Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նրա խոսքով, իր համար կարևոր է գաղափարական հողի վրա գալ մի ընդհանուր համոզման, որ այլևս վաղուց ավարտվել է ճանաչման գործընթացը և մեր գլխավոր խնդիրը պետք է լինի հատուցման հարցը, որն ի սկզբանե քաղաքական իմաստով դրված է եղել Հայոց Ցեղասպանության խնդրի մեջ՝ որպես քաղաքական երևույթ:
Ա. Մելքոնյանը միշտ կողմ է եղել Ցեղասպանության հարցին լուծում տալ իրավական դաշտում, սակայն համարում է, որ այսօր դեռ չենք եկել այն համոզման, որ դատական հայց ներկայացնելու դեպքում կարող ենք հասնել լրջագույն հաջողության:
«Միջազգային իրավունքը այսօր շատ խոցելի է ու թերի: 1948 թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիան, որը կազմվել է Հայոց ցեղասպանության իրողությունների հիմքի վրա հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից, իր մեջ չի ներառում այնպիսի կարևոր մի գաղափար, որպիսին հայրենիքից ազգին զրկելու համար քրեական պատասխանատվությունն է: Ստացվում է մի շատ անհասկանալի իրավիճակ, երբ ազգին կամ կրոնական հանրությանը կյանքից ամբողջապես կամ մասնակի զրկելու գործողությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն ու քրեորեն պատժելի արարք, բայց այդ էթնոսին կամ կրոնական հանրությանը հայրենիքից, սեփականությունից զրկելը չի դիտարկվում որպես հանցագործություն: Այ դրա համար էլ մենք մինչև միջազգային իրավունքը չբարելավենք հայրենազրկում՝ պատրիոցիդ կարևոր դրույթով, դատարան մտնելը մեզ համար կարող է միայն ապահովել նյութական հատուցման իրավիճակ, այլ ոչ թե հայրենիքով հատուցման հնարավորություն»,-ասաց Մելքոնյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ