Վերջապես ո՞վ ենք մենք…


12:22 , 9 ապրիլ, 2015

Մենք, արտաքնապես պահելով քրիստոնեական սկզբունքները, ամեն վայրկյան հակառակվում ենք դրանց էությանը: Կյանքի բոլոր բնագավառներում մեզ շրջապատելով հոգևոր լոզունգներով՝ մենք ապրում ենք այդ լոզունգների բնությանը հակառակ կյանքով: Ի՞նչ արժեք ունեն խորանների առջև մեր վառած մոմերն ու աղոթքները, կաթողիկոսական սրտառուչ բարեմաղթանքներն ու հորդորները, եկեղեցիներում ծխեցրած խունկի բույրն ու հնչեցված զանգերի ղողանջը, եթե ազգովի՝ աշխարհիկ և հոգևոր մեծամեծերից մինչև ամենանվաստներս, շարժվում ենք Տիրոջ մատնանշած Ուղուն հակառակ:

Այսօր բոլորիս վաղուց արդեն հարազատ դարձած մշտնջենական ստի ու կեղծիքի, համատարած ընչասիրության, ամբարտավանության ու անբարոյականության մթնոլորտում, ինքներս մեզ հռչակելով ու հպարտ ցցվելով որպես առաջին հայ-քրիստոնյաներ, մեր գործերով, մեր ապրած կայնքով, մեր ողջ էությամբ երկրպագություն ենք անում մամոնային և ոչինչ չենք անում ինքնամաքրվելու, անձնապես վերափոխվելու, առավել կատարյալ դառնալու, մեզ համակած մարդ կենդանի վիճակից ՄԱՐԴ-ՄԱՐԴ վիճակին անցնելու համար:

Ո՞վ ենք մենք այսքանից հետո… Քրիստոսին խաչո՞ղ ենք, թե՞ ՆՐԱՆ խաչից իջեցնող, խաչի վրա թքո՞ղ ենք, թե՞ խաչը սիրող, կռապա՞շտ ենք, թե՞ խաչապաշտ և վերջապես ոչ թե խոսքերով, այլ մեր ապրած կյանքով, հենց այս պահին ընթացող համաշխարհային արմագեդոնի այս մահ ու կենաց կռվում ԼՈՒՅՍԻ՞ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ շարքերում ենք, թե՞ խավարի ասկյարների: