Գեղարքունիքի մարզում 12 կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհը գտնվում է անանցանելի վիճակում


19:37 , 8 ապրիլ, 2015

Բաց նամակ ՀՀ կառավարությանը

Այսօր՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, գրավոր հարցերի ավարտից հետո սկսված բանավոր հարցերի հերթագրման ժամանակ կրկին տեխնիկական պատճառներով հնարավորություն չունեցա կառավարության ներկայացուցչին ուղղել իմ հարցը:
Ներկայացնում եմ այն հարցը, որը պատրաստվում էի հնչեցնել Ազգային Ժողովում: Հարցն ունի նախապատմություն, որը սկսվել է դեռևս ութ ամիս առաջ: Դիմումներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքների 12 կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհը գտնվում է անանցանելի վիճակում, որը գրեթե անհնարին է դարձնում երթևեկությունը, ինչպես նաև Մաքենիս համայնքում խմելու ջրի պակաս կա, և անհրաժեշտ է կառուցել ջրագիծ (1800 մ): 
30.09.2014 թ.-ին թվագրված պատասխանում նշված էր, որ հարցն ուսումնասիրվել է այդ ժամանակահատվածում տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կողմից, ում գրավոր պատասխանում նշված էր, որ Տ-4-61-Մ-11- Ախպրաձոր մարզային նշանակության ճանապարհն ընդգրկված է ՀՀ կառավարության 2014 հուլիսի 17-ին նիստի N 30 կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման առաջնահերթության ցանկերին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման ցանկերում: Իսկ ջրագծի կառուցման հարցը քննարկվում է Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված ֆինանսական միջոցների խնայողությունների հաշվին իրականացնելու հնարավորությունը: 
Կանոնակարգ-օրենքի համաձայն՝ 2014 թ-ի հոկտեմբերի 22-ին Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձ եղավ իմ բարձրաձայնած հարցին, սակայն այդ ժամանակահատվածում արդեն Արմեն Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: 
Ուստի, ստեղծված իրավիճակից ելնելով՝ հարցիս պատասխանեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: 
Նախարարի խոսքով՝ համայնքների ճանապարհի վերակառուցման հարցը ընդգրկվելու է 2015-16 թթ. Համաշխարհային բանկի միջոցով ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների ցանկում, իսկ վերակառուցման վերաբերյալ գրությունը սկզբնաժամկետով և վերջնաժամկետով հստակեցված պատրաստ կլինի 1-1,5 ամսվա ընթացքում: 
Այս ամենից հետո անցել է յոթ ամիս, սակայն ճանապարհի վերակառուցման և ջրագծի կառուցման հարցերը դեռևս լուծում չեն ստացել: Իմ պատգամավորական լիազորությունների շրջանակում շարունակելու եմ հետևողական լինել հիշյալ և իմ բարձրաձայնած բոլոր խնդիրների լուծմանը:
Նշեմ, որ պարբերաբար դիմումներ եմ ստանում այս համայնքների բնակիչներից, ովքեր, նկարագրելով ճանապարհների անմխիթար վիճակն ու խմելու ջրի սակավության օրհասական դարձած խնդիրը, խնդրում են Ազգային Ժողովում կրկին բարձրաձայնել ստեղծված ծայրահեղ իրավիճակի մասին: 
Հարցս հետևյալն է՝ ի՞նչ քայլեր են արվել, արվում կամ արվելու այս խնդիրների լուծման ուղղությամբ, քանի որ չորս համայնքների բնակիչները սպասում են ավտոճանապարհի վերակառուցման և խմելու ջրի ջրագծի կառուցման արդեն օրհասական դարձած հարցերի շուտափույթ լուծմանը: