Տարվա կեսին մեծ ծրագրեր են կյանքի կոչվելու. Հովիկ Աբրահամյան


17:10 , 8 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցում հնչեցրած մտքին, նշեց, թե իհարկե իրենք էլ են մտահոգված երկրի տնտեսական իրավիճակով, սակայն դա ուղղակի կապված չէ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության հետ:

«Դա կապված է ընդհանուր տնտեսական իրավիճակի հետ, աշխարհում ընթացող բոլոր գործընթացների, տարածաշրջանի, նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների հետ: Մենք անում ենք քայլեր, ծրագրեր, որը կնվազեցնի, և ես համոզված եմ, որ մենք ապագայում՝ տարվա կեսից կունենանք լուրջ ծրագրեր, որ կիրականացվեն, ու տնտեսության ակտիվացում կնկատվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում, բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենևին ելք չէ»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդեն մեկ տարի է, որ վարչապետ է, սակայն այդ լուրջ ծրագրերը չի կարողացել իրագործել, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Ես ձեզ ժամկետ չեմ խոստացել, ոչ էլ պարտավոր եմ: Տարվա կեսին մեծ ծրագրեր են կյանքի կոչվելու»:

Վարչապետը խոստացավ, որ այդ ծրագրերն անպայման ազդելու են տնտեսության վրա: