16:58 , 8 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Բորիս Նեմցովին ուղեկցող ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայայի մոտ քաղաքական գործչի սպանության պահին երկու բջջային հեռախոս է եղել, որոնցից մեկը նա դեն է նետել: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը՝ հղում անելով հետաքննությանը մոտ աղբյուրին:
«Սպանությունից անմիջապես հետո Դուրիցկայան մոտեցել է կամրջի վրա կանգնած ձյուն մաքրող մեքենային: Վարորդին խնդրել է իր հեռախոսից շտապօգնություն զանգել՝ նշելով, որ ինքը չի կարող դա անել. նյարդային շոկի մեջ է: Վարորդը բժիշկ է կանչել և գնացել՝ պահպանելով աշխատանքային կանոնակարգը (իրավունք չունի մի վայրում երկար մնալ)»,- հայտնել է աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ հետո, ինչպես պարզվել է տեսահսկման խցիկների տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում, Դուրիցկայան մոտեցել է աղբամանին և այնտեղ ինչ-որ իր է նետել:
Աղբամանաը ստուգել են և այտեղ բջջային հեռախոս են գտել, որը, ինչպես պարզվել է, Դուրիցկայային է պատկանել, հայտնում է պարբերականը:
Նշվում է, որ հայտնաբերված հեռախոսն ուսումնասիրվել է: Դրա մեջ չիպ են գտել, որն ազդանշաններ է փոխանցել:
«Հետաքննության վարկածով՝ այդ բջջային հեռախոսի միջոցով սպանության կազմակերպիչները հետևել են Դուրիցկայային և Նեմցովին»,- գրում է թերթը:
Հեռախոսը, որից ձյուն մաքրող մեքենայի վարորդը շտապօգնություն է կանչել, Դուրիցկայան իրավապահներին է տվել:
Աղբյուրը նաև նշել է, որ Դուրիցկայան, հնարավոր է, «իմացել է, որ իրեն օգտագործում են Նեմցովին հետևելու համար, բայց վերջնական նպատակը չի հասկացել»: