16:15 , 8 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Հայաստանի իշխանությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մշտական ուշադրության կենտրոնում են Սիրիայի և Իրաքի՝ այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կրոնական և ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացված զանգվածային ոճրագործությունները:
Խիստ մտահոգիչ են ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող հանցագործություններն ու բռնությունները, ինչի արդյունքում եզդի ազգաբնակչության մի ստվար հատված անհապաղ հումանիտար աջակցության կարիք ունի:
ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցչություններն ու խորհրդարանականները բազմիցս բարձրաձայնել են կատարվածի անթույլատրելիության և մարդասիրական աջակցության ապահովման անհրաժեշտության մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները կիսում են եզդի ժողովրդին պատուհասած ցավը և վստահեցնում, որ միջազգային բոլոր ատյաններում շարունակելու են բարձրաձայնել կատարվող բռնություններին վերջ դնելու անհրաժեշտությունը և այդ նպատակով օգտագործելու են բոլոր հնարավորությունները:
«Հայաստանի Հանրապետական» խմբակցություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
«ՀԱԿ» խմբակցություն
«ՀՅԴ» խմբակցություն
«Օրինաց երկիր» խմբակցություն
«Ժառանգություն» խմբակցություն