Երկու խոսք Հայկո-Մկոյի Հայկոյին


12:23 , 8 ապրիլ, 2015

-«Սուպեր Մամա» ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսությամբ մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավել էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին: Հայկական կինոյի վերջին 25 տարիների պատմության մեջ սա բացարձակ ռեկորդ է,- անթաքույց հպարտանքով պատասխանում է Հայկո-Մկոյի Հայկոն իր «ֆիլմի» մասին բացասական կարծիք հայտնած Միքայել Պողոսյանին:

Առաջին ամսում 3.000.000 դիտման մասին կերազեին Ֆելինին, Անտոնիոնին, Սփիլբերգն ու կինոյի շատ ու շատ մեծագույն վարպետները, էլ չխոսենք Փարաջանովի, Տարկովսկու կամ Շուկշինի մասին...

Եթե այս «ֆիլմի» 3.000.000 դիտումների և 10.000-ից ավելի շնորհակալական նամակների մասին թվերը համապատասխանում են իրականությանը, ապա ասեմ, որ դու և ահա արդեն քսան տարի ազգիս դեգրադացման, նրա հոգևոր-բարոյական անկման գործին լծված քո նման «արտիստները»՝ հովոներն ու մկոները, վիտամինները, տարաբնույթ շոումեններն ու դիջեյները, ձեր սցենար գրողները, պրոդյուսերներն ու ֆինանսավորողները՝ ԲՈԼՈՐԴ, ՀԱՍԵԼ ԵՔ ՁԵՐ ՆՊԱՏԱԿԻՆ: 
3.000.000 դիտումը նշանակում է, որ մի ամբողջ սերունդ եք ապականել ու շարքից հանել:

Դուք ձեր «արվեստով» նպաստել եք, որպեսզի ճշմարտության որոնման ենթագիտակցական ձգտումներով, արդարության և կատարելության հաստատման նպատակադրությամբ, գեղեցկության ու մաքրության փնտրտուքով և երկրի վրա որպես Աստծո բարեբեր ներկայացուցիչ հաստատվելու առաքելությամբ Արարչականորեն ՕԺՏՎԱԾ ՄԱՐԴԸ գահավիժի և վերածվի մի հիմար ու անմիտ արարածի, ում կյանքի գլխավոր արժեքներն են ուրախություններն ու զվարճանքները, շոուներն ու շուլուխները, սրան-նրան ձեռ առնելները, ամեն բան զավեշտի վերածելը, ծաղրելն ու ծանակելը: 
Խոսում ես «ամենածանր պահերին ժողովրդին մենակ չթողնելու մասին»:

Ժողովրդին սիրելով՝ չի կարելի նրա զավակներին պղծել ու դեգրադացնել: