10:14 , 8 ապրիլ, 2015
Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանից ցանցահենները ներթափանցել են Սպիտակ տան համակարգչային համակարգ ԱՄՆ պետդեպարտամենտի համակարգիչների միջոցով: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը` հղում անելով հետաքննությանը մոտ ամերիկացի պաշտոնյաներին:
Հոկտեմբերին ամերիկյան ԶԼՄ-ները գրում էին, որ ցանցահենները, ենթադրաբար` Ռուսաստանից, կարող էին մասնակից լինել Սպիտակ տան ցանցում նկատված ակտիվությանը: Սակայն ավելի ուշ Սպիտակ տան ներկայացացուցիչ Ջոշ Էռնեստը չհաստատեց, որ դրա հետևում կանգնած են ռուս ցանցահենները:
Ինչպես հաղորդում է CNN-ը, ռուս ցանցահենները կարողացել են Սպիտակ տան համակարգչային համակարգ ներթափանցել մի քանի ամիս շուտ: Նշվում է, որ նրանց հաջողվել է ձեռք բերել գաղտնի տեղեկատվություն, մասնավորապես՝ մանրամասներ նախագահ Բարաք Օբամայի օրակարգի մասին, որոնք չպետք է հայտնի լինեն հանրությանը:
FBI-ը, ԱՄՆ գաղտնի ծառայությունը, ինչպես նաև ամերիկյան հատուկ ծառայությունները մասնակցում են միջադեպի հետաքննությանը: CNN-ը հաղորդում է, որ չնայած կոտրելու համար գործածվել են համակարգիչներ ամբողջ աշխարհից, մասնագետներին հաջողվել է պարզել, որ դրա հետևում կանգնած են «Ռուսաստանի կառավարության համար աշխատող ցանցահենները»:
ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսն ասել է, որ ցանցահենները հասանելիություն չեն ստացել Սպիտակ տան գաղտնի համակարգչային ցանցին: