Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ընտրական ցուցակը հայուհի է գլխավորում


17:54 , 7 ապրիլ, 2015

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ընտրական ցուցակը հայուհի է գլխավորումPanARMENIAN.Net-ը գրում է.

Թուրքիայում հրապարակվել է գլխավոր ընդդիմադիր Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության (ԹԺՀԿ) պատգամավորության թեկնածուների ցուցակը, որն անակնկալ էր, գրում է թուրքական Milliyet-ը:

Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում ԹԺՀԿ առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն ընտրացուցակի առաջին հորիզոնականը հայուհու է տվել՝ Սելինա Օզուզուն Դողանին, գրում է պարբերականը, հայտնում է vestikavkaza.ru-ն: Սելինա Օզուզուն Դողանը ծնվել է Ստամբուլում 1977 թ.: Նա ամուսնացած է, երկու երեխա ունի, աշխատում է փաստաբանական գրասենյակում: Հայերենից ու թուրքերենից բացի տիրապետում է անգլերենի և ֆրանսերենի:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որին կմասնակցի 53 միլիոնից ավելի ընտրող:

Առաջիկա ընտրությունները հնարավորություն են տալիս փոխելու երկրի կառավարման ձևը: Էրդողանն ընտրություններին ընդառաջ հայտարարել է, որ պետք է անցնել նախագահական կառավարման և փոխել սահմանադրությունը: Ուստի իշխող ուժերին հարկավոր է որքան հնարավոր է շատ ձայն հավաքել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Սակայն ընդդիմադիրները կտրականապես դեմ են, համարելով, որ Էրդողանը բռնապետության է ձգտում:

Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում 4 տարին մեկ են անցկացվում: Նախորդ ընտրությունները կայացել են 2011-ի հունիսի 12-ին, որտեղ հաղթեց Արդարության և զարգացման կուսակցությունը, որի առաջնորդը հիմա վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է: