Հուսով ենք՝ առաջիկա տոների ու հիշատակի միջոցառումների ընթացքում հրադադարը կպահպանվի. Ուորլիք


15:43 , 7 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմը տարածաշրջանում առաջիկա տոների, հիշատակի արարողությունների ու միջազգային միջոցառումների ընթացքում։

Դիվանագետը նշել է, որ երկու երկրների նախագահները հավաստիացրել են, որ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ չեն սկսվի։

«Մենք դեռ հնարավորություն չունենք այդ պարտավորությունների կատարումը վերահսկելու, սակայն կայունությունը կարող է դրական դինամիկա ստեղծել բանակցությունների համար։ Մենք ակնկալում ենք, որ նախագահների հերթական հանդիպումը կկայանա մինչև այս տարեվերջ»,-ասել է նա։

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ քննարկում են երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպումների հնարավորությունը՝ նախագահների քննարկման օրակարգը հաստատելու և համանախագահների՝ տարածաշրջան այցի ժամկետը որոշելու համար։