Նախկին «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասի օտարում միանշանակ իրականացվել է. Վարդան Այվազյան


14:42 , 7 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

«ՀայՌուսգազարդ»-ի 20  տոկոս բաժնեմասի օտարում միանշանակ իրականացվել է իրավական կարգավորման դաշտում: Այս մասին այսօր  ԱԺ քառօրյայի ժամանակ ասաց ԱԺ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելիս։

ԱԺ  անկախ  պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հիմնական զեկուցող Վարդան Այվազյանին հարցրեց. «Այդպես էլ հասկանալի չդարձավ` այդքան քրտնաջան աշխատանքներից հետո ի՞նչ խախտում է հայտնաբերվել այդքան աղմկահարույց հարցերի հետ կապված,   եթե եզրակացության մեջ նշված է, որ էական խախտում չի եղել»:

Ինչին ի պատասխան Վարդան Այվազյանն ասաց. «Այն, ինչ նկատի ունեք՝ էական խախտում ասելով` երևի   պիտակման խնդիր է: Աղմկահարույցն էլ կապված է նրա հետ, թե ինչ աղմուկ կբարձրացնենք, որովհետև մենք հստակ նշել ենք, որտեղ են արվել խախտումները»:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ  հայտարարեց, որ ներկայացված եզրակացությունը լեգիտիմ չէ` ավելացնելով, որ ԱԺ  գործող   կարգի համաձայն՝ որոշումները և եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն`   նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է, գրանցվել է նրա անդամների ընդհանուր թվի կեսից ավելին,  սակայն Լևոն Զուրաբյանի տեղեկություններով`այդ նիստի մասին ոչ ոք տեղյակ չի եղել: