Ծիծեռնակաբերդ պետք է գնալ ընտանիքով, ոչ թե կուսակցությունով. Ռուբեն Բաբայան


14:28 , 7 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Ըստ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի՝  օրեր առաջ «Հանրապետական» կուսակցության կանայք ժպիտները դեմքներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ էին այն պատճառով, քանի որ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը վերածվել է միջոցառումների շարքի, որին անպայման ուզում են մասնակցել բոլորը, իսկ դրա հնարավորության դեպքում ոգևորություն են ապրում։

«Ես այդքան մեծ ուշադրություն չէի դարձնի կանանց ակցիային, որովհետև նման բաներ սպասելի են։ Ընդհանրապես ամեն ինչ պետք է գա հոգու խորքից, որպեսզի տա քեզ հնարավորություն տարեկան մեկ օր կենտրոնանալու, գնահատելու անցյալը, ներկան ու ապագան, հակառակ դեպքում ամեն ինչ դառնում է ընդամենը միջոցառում։ Միջոցառման մասնակցելը դարձել է ավելի կարևոր, քան նպատակը և իմաստը։ Մարդիկ ոգևորվում են, որ իրենց հրավիրել են, որ միանման են հագնված։ Ժպիտները սրա արդյունքն են»,- ասաց նա։

Ռուբեն Բաբայանը նաև ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդ պետք է գնալ ոչ թե կուսակցություններով, նախարարություններով, այլ ընտանիքներով։

«Ցեղասպանության հետևանքով մեր ընտանիքներն են վերացել, որովհետև մեր ապագան ընտանիքն է ու ընտանիքով պետք է ապացուցենք, որ հաղթահարել ենք կատարվածը»,-ասաց նա։

Երաժիշտ Արտավազդ Բայաթյանն էլ նկատեց, թե աչքի են ընկել հանրապետական կանայք, քանի որ ավելի շատ են, ավելի ակտիվ ու ավելի հարուստ։ Նա նաև նշեց, որ ինքը երկար տարիներ աշխատելով Ծիծեռնակաբերդի տարածքում բազմաթիվ այցելուների է տեսել, բայց քչերն են ժպիտներով բարձրացել հուշահամալիր։

«Տարվա բոլոր եղանակներին մարդիկ են բարձրացել հուշահամալիր, իսկ նման դեպքեր եզակի են եղել, իսկ հիմնականում գալիս են մարդիկ, ովքեր իսկապես մտահոգված են, լցված են խնդրով։ Աշակերտներն են հաճախ ժպտալով գալիս, որովհետև նրանց համար դա էքսկուրսիա է։ Իմ կարծիքով ոչ թե նման միջոցառումներով պետք էր դիմավորել 100-ամյակը, այլ դատարան մտնելով, որովհետև ցեղասպանությունը հանցագործություն է, որը պետք է քննվի։ Իսկ փաստեր ինչքան ասես որ կան»,- ասաց նա։

Արտավազդ Բայաթյանը նաև նշեց, որ այս օրերին բազմաթիվ ֆիլմեր են նկարվում ու ներկայացումներ բեմադրվում նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց դրանց հիմնական մասը անորակ են։

«Մարդիկ ուզում են անպայման ինչ-որ կերպ մասնակցել, իհարկե չեն ուզում որ անորակ լինի, բայց հաճախ հենց այդպես է ստացվում։ Կարծում եմ, որ այս խնդիրը պետք է կարգավորեր պետությունը, մի քանի լավ գործի ֆինանսավորելով»,- ասաց նա։