23:51 , 6 ապրիլ, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Վարունգը համարվում է բանջարեղենի այն եզակի տեսակներից, որ կարելի է հանդիպել գրեթե բոլորի տնամերձ այգիներում: Պարզվում է, որ վարունգի մասին կան բավական հետաքրքիր փաստեր: Հայտնի է, որ մարդկությունը վարունգը սկսել է օգտագորել դեռ Մեսոպոտամյան քաղաքակրթության ժամանականերից` շուրջ 4.5 հազար տարի առաջ:
Վարունգը` որպես մշակաբույս, սկսել են աճեցնել Հնդկաստանում: Վարունգի օգտակարության մասին խոսել է դեռ Հիպոկրատը: Այդ ժամանակներից ի վեր վարունգը դիտարկվել է որպես բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ տարբերակ:
Խաղաղօվկիանոսյան ավազանում վարունգներին վերաբերվում են որպես իսկական դելիկատեսի: Աբորիգենները օրինակ վարունգի պլանտացիաները ծածկում են բանանի տերևներով, որպեսզի փոթորիկների կամ հորդառատ անձրևների ժամանակ դրանք անվնաս մնան: Ընդունված է համարել, որ որքան շատ վարունգի պաշարներ ունի աբորիգեն փեսացուն, այնքան նա գրավիչ և ցանկալի է դառնում հարսնացուի համար` նյութական ապահովվածության առումով: Ֆիջի կղզում, օրինակ աղջկա ծնողները իրենց համաձայնությունը չեն տալիս, քանի դեռ փեսացուն հավաստի տեղեկություններ չի ներկայացրել իր տիրապետած վարունգի պաշարների մասին:
Մինչ այժմ գեղեցկության էտալոն համարվող Կլեոպատրան իր գեղեցկության գաղտնիքների թվում մեծ կարևորություն էր տալիս վարունգին` այն օգտագործելով գրեթե յուրաքանչյուր սննդատեսակի հետ:
Նապոլեոնը նույնպես եղել է վարունգի մեծ սիրահար և նույնիսկ նյութական պարգև է խոստացել այն մարդուն, ով կգտներ պատերազմական վիճակներում վարունգն ավելի երկար պահելու տեխնիկական գաղտնիքը: