Խոշոր ավտոովթար՝ Կոտայքի մարզում. կա 7 վիրավոր


21:49 , 6 ապրիլ, 2015

786ee16e5e809f44f4f77aeb1cb03d82Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտոովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հավածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են Mercedes մակնիշի 80 ԼՏ 900 համարանիշի և Mitsubishi մակնիշի 34 DR 274 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ արմատախիլ անելով մի քանի հաստաբուն ծառեր: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները՝ մի մասը քաղաքացիների անձնական օգտագործման ավտոմեքենաներով, մի մասն էլ՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների ծառայողական ավտոմեքենաներով: Վիրավորներից մեկին էլ ավտոմեքենայից դուրս են բերել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով: Վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:

Տեղում են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը, վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանը և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել ավագ քննիչ Արկադի Խումաշյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: