«Թուրքիայի կողմից Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության կեղծման քաղաքականությունը»


17:12 , 6 ապրիլ, 2015

«Թուրքիայի կողմից Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության կեղծման քաղաքականությունը»Panorama.am-ը գրում է.

«Այս տարի Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նշվելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նախատեսված են հազարավոր միջոցառումներ: Դրանք անցկացվելու են չորս հիմնական ուղղություններով: Առաջին հերթին դա հարգանքի տուրքն է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է սրբադասել Հայոց ցեղասպանության զոհերին»,- «Միջազգային հարաբերություններ» հանդեսի հետ հարցազրույցում ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հանդեսի այն հարցին, թե. «Մեր հանդիպումը մեծ մասով պարտական է շատ ցավալի տարեթվի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպե՞ս է այս իրադարձությունը այսօր ընկալվում Հայաստանի քաղաքացիների կողմից, և ինչպե՞ս է արտացոլվում Հայաստանի՝ իր անմիջական հարևանների հանդեպ վարվող արտաքին քաղաքականության վրա»:

ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախարարը պատասխանում նշել է, որ երկրորդ ուղղությունը երախտագիտությունն է նրանց, ովքեր ծանր փորձությունների պահերին օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Իսկ այդպիսի երկրներ, ժողովուրդներ շատ են: Հայ ժողովուրդը միայնակ չմնաց: 100-րդ տարելիցը առիթ է՝ ևս մեկ անգամ երախտիքի խոսք ասելու:

«Երրորդ ուղղությունը ջանքերն են՝ ուղղված նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանը: Դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի համար, այլև՝ ողջ միջազգային հանրության:

Եթե Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ մարդկության դեմ իրականացված հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտվեր, ապա հնարավոր կլիներ կանխարգելել հետագայում, այդ թվում՝ Երկրորդ աշխարհամարտի քողի տակ և դրանից հետո իրականացված մարդկության դեմ հանցագործությունները:

Եվ վերջին` չորրորդ ուղղությունը, վերածնունդն է: Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց Ցեղասպանությունը, այլև կարողացավ վերածնվել: Մենք կարողացանք վերակերտել մեր պետականությունը, մեր անկախությունը, վերածնել մշակույթը, գիտությունը: Վերածնունդը տեղի ունեցավ ոչ միայն Հայաստանում: Հայերը կարողացան ստեղծել իրենց օջախները աշխարհի շատ երկրներում, նպաստել և շարունակում են իրենց ներդրումը բերել այդ երկրների զարգացմանը»,-նշել է Է. Նալբանդյանը:

Շարունակելով պատասխանն ավելացրել է. «Մենք՝ միջազգային հանրության հետ միասին, ոգեկոչելու ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ «Այլևս երբեք» կարգախոսի ներքո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ