16:30 , 6 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
46-ամյա ռուս մասնագետ Վալերի Կարպինը կարող է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: «Известия»-ի տեղեկություններով՝ ՀՖՖ ներկայացուցիչները բանակցել են Կարպինի հետ՝ նրան առաջարկելով հավաքականը գլխավորել մինչև «Եվրո-2016»-ի ընտրական փուլի ավարտը: Կարպինի թեկնածությանը կողմ է նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը, ով հետևում է հավաքականի խաղերին ու կապ է պահպանում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Կարպինը ևս հակված չէ երկարատև համագործակցության, քանի որ ցանկանում է ընտրական փուլի ավարտից հետո վերսկսել ակումբային կարիերան: Մասնագետը Յուրա Մովսիսյանի ու Արազ Օզբիլիսի հետ աշխատանքի փորձ ունի «Սպարտակ»-ը գլխավորելու ժամանակահատվածից: «Известия»-ի փոխանցմամբ՝ հավակնորդների թվում են նաև Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ու «Փյունիկ»-ի և Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը: Պարբերականի թղթակցի հետ զրույցում ՀՖՖ մամլո պատասխանատուն ոչ՛ հերքել, ոչ՛ հաստատել է Կարպինի՝ ազգային թիմը գլխավորելու մասին լուրերը. «Հայաստանի հավաքականի մասին ամբողջ տեղեկատվությունն առաջին հերթին հայտնվում է ՀՖՖ պաշտոնական կայքում»,- նշել է ՀՖՖ մամլո պատասխանատու Տիգրան Իսրայելյանը: Հիշեցնենք, որ Բերնար Շալանդի պաշտոնանկությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն առայժմ թափուր է: