Կինոյի մասին օրենք ունենալն անհրաժեշտություն է. կինոգործիչներ


13:41 , 6 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, կինոռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը, կինոդերասան Միքայել Պողոսյանը և կինոդերասան Ալեքսանդր Խաչատրյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում միաբերան ասացին, թե անհրաժեշտություն է այսօր կինոյի մասին օրենք ունենալը:

Նրանք տեղեկացրին, որ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մի հանձնաժողով, որն աշխատում է կինոյի մասին օրենքի նախագծի վրա:

Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով՝  հաճախ են ասում, թե կինոյի մասին օրենք ունենալը ժամանակավրեպ է, սակայն, ըստ նրա, դա այդպես չէ:

«Համամիտ չեմ այդ մտքին: Քանի որ շատացել են կինոարտադրության գործընթացները, դրա համար մեզ նաև պետական աջակցություն է պետք: Ավելացրած դրան՝ ֆիլմերի տարածման խնդիրներ ևս կան, որոնք կարող են կարգավորվել օրենքով»,–ասաց նա:


«Հայաստանում պետք է արտոնագրային համակարգ ստեղծվի, որն իրավունք կտա կարգավորել, թե ինչ կինոներ պետք է ցուցադրվեն, սահմանափակումներ պետք է մտցվեն, որ գոնե տարիքային ցենզը սահմանվի»,- ընդգծեց Գևորգ Գևորգյանը, նշելով, թե հասկանում է, որ դա կարող է սահմանափակումներ մտցնել, բայց դա ևս անհրաժեշտություն է:

Կինոկենտրոնի տնօրենն ասաց, թե կինոյի մասին օրենքը կհեշտացնի նաև հարկային ու մաքսային գործունեությունը:


«Հիմա օրենքը մշակվում է, առաջին տարբերակը պատրաստ լինելուն պետք  այն կուղարկենք բոլոր կինոգործիչներին, պրոդյուսերներին: Առաջին տարբերակը պատրաստ կլինի մոտ 15 օրից»,- ասաց նա:

Դերասան Միքայել Պողոսյանը, սակայն, ասաց, թե տեղյակ չէ, թե ով է այդ հանձնաժողովում աշխատում, ինչ է քննարկվում, սակայն հույս հայտնեց, թե դրանից մի լավ արդյունք կլինի:

«Այսօր կինո նկարում է նա, ով գումար է հայթայթում, իսկ դրանց մեջ չեն մտնում այն արժանավորները, ովքեր պետք է կինո նկարեն: Մենք հոգնել ենք դռներ թակելուց, հույսեր ունենանք, որ մի օր էլ մեր դուռը կթակեն և կասեն, թե ահա, այսպիսի բան է նկարվում, եկեք, մասնակցեք»,-ասաց Միքայել Պողոսյանը։

«Վերջին տարիներին գեղարվեստական կինոներ չեն նկարվում, դերասաններն այսօր գնում են՝ Ջանիբեկյան, Ջանգիրով և մյուսներ, իրենց շնորհքն էլ իրենց հետ տանում են: Իսկ ովքե՞ր են նրանց փոխարինում, խուտուտչիների բանակ է, ովքեր հումորը դարձրել են կենցաղ»,- ավելացրեց նա:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի խոսքով՝ նման կերպ շարունակվել չի կարող. «Դա բոլորս ենք հասկանում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ դեռ 90-ական թվականներին վարչապետ Հրանտ Բագրատյանը գնացել է կինոկենտրոն և ասել, թե կինոարտադրողներին ոչ մի արտոնություն չպետք է տրվի:

«Վարչապետն ասաց՝ նրբերշիկ արտադրողն ու կինոարտադրողը նույն հարկային դաշտում պետք է գործեն, դրա համար էլ մենք այսօր ունենք նրբերշիկ կինո»,-ասաց Էդգար Բաղդասարյանը:

Նրա համոզմամբ՝ կինոյի մասին օրենքը պետք է նպաստի մասնավոր ներդրումներին կինոյում. մարդը, որ գումար է ներդնում, պետք է հասկանա, թե ինչ արտոնություններից պետք է օգտվի:


Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, որ երեկ է եկել Հայաստան, ասաց, թե այն, որ կինոյի մասին օրենք հարկավոր է, դա անվիճելի է, սակայն, ըստ նրա, լավ կլինի, որ օրենքի նախագծի մշակմանը մասնակցեն կինոգործիչները:

«Չեմ կարծում, թե նախարարության աշխատակիցները պետք է աշխատեն դրա վրա: Դա պետք է լինի արտոնությունների և սահմանափակումների օրենք, որ ամեն մեկի մուտքը թույլ չտա կինո: Խոսքն այն ցենզուրայի մասին է, որ «պլենտուսի» մակարդակից վեր կհանի հեռուստատեսությունը և կինոն: Չի կարելի փողոցն ավլել և լցնել կինո»,- եզրափակեց դերասանը: