Այսօր գրող Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է . Armlur.am


10:14 , 6 ապրիլ, 2015

Այսօր գրող Ղազարոս Աղայանի ծննդյան օրն էArmlur.am-ը գրում է.

Այսօր հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում` քահանա Տեր-Պետրոսի մոտ։

1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։ Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։

Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–82), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։

1895 թվականին ձերբակալվել է Հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։

Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։