Մհերը` ռուսական շոու-բիզնես մտնելու ցանկության, կոնֆլիկտային լինելու և անձնական կյանքի մասին (տեսանյութ). armlur.am


04:51 , 6 ապրիլ, 2015

Մհերը` ռուսական շոու-բիզնես մտնելու ցանկության, կոնֆլիկտային լինելու և անձնական կյանքի մասին (տեսանյութ)Armlur.am–ը գրում է.

Երգիչ Մհերն (Մհեր Մեսրոպյան) իր երկրպագուների համար առաջիկայում մի շարք անակնկալներ ունի: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերի մասին, անդրադարձել ռուսական շոու-բիզնես մուտք գործելու ցանկությանը, խոսել իր անվան շուրջ պտտվող ասեկոսեներից եւ անձնական կյանքից:

-Մհե՛ր, շուրջ 5 տարի է` մենահամերգ չեք ունեցել, այս ուղղությամբ մտածո՞ւմ եք, հանդիսատեսին, առհասարակ, անակնկալներ սպասվո՞ւմ են:

-Ինքս սպասում եմ գարնան վերջում կայանալիք իմ մենահամերգին. օրը դեռ որոշված չէ: Այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Իմ երկրպագուները ուրախանալու այլ առիթներ էլ կունենան: Արդեն հանդիսատեսի դատին է հանձնվել իմ եւ Լուսինե Պողոսյանի նոր դուետը, իսկ ավելի ուշ կներկայացնեմ ուրիշ նոր գործեր:

-Ռուսական շուկայի հետ համագործակցելու առիթներ բազմիցս ունեցել եք. այնտեղի շոու-բիզնես մուտք գործելու, հաստատվելու մասին երբեւէ մտածե՞լ եք, նման ցանկություն ունե՞ք:

-Այո՛, ցանկություն, միանշանակ, կա, պարզապես կոնկրետ ծրագրեր կիրականացվեն այն ժամանակ, երբ կունենանք հովանավորչությանն առնչվող կոնկրետ առաջարկներ: Գաղտնիք չէ, որ ռուսական շոու-բիզնեսը բացի այն, որ գործում է կապերի եւ ծանոթությունների հաշվին, պահանջում է նաեւ մեծ ներդրումներ: Դա այն դաշտն է, որին ես լավ ծանոթ եմ:

-Իսկ հայկական շուկայում կարողացե՞լ եք «տեղավորվել», այստեղ ստացվո՞ւմ է Ձեզ հարմարավետ զգալ:

-Այո՛, ես ինձ այստեղ զգում եմ կոմֆորտ միջավայրում: Եթե, օրինակ, յոթ տարի առաջ փոփոխման ենթակա շատ բան էի տեսնում, թեկուզ տեսահոլովակների որակին առնչվող, ապա այսօր այդ առումով զգալի առաջընթացն ակնհայտ է: Պարզապես մենք ունենք շուկայի նեղության խնդիր, մեր երգերը հնչում են միայն հայերենով, եւ մենք կարողանում ենք դրանք հասցնել միայն հայ հանդիսատեսին: Ինքս շատ կուզենայի հայ երգը տարբեր ազգերի շրջանում հնչեցնելու հնարավորություն ունենալ:

-Մհե՛ր, հայ հանդիսատեսի շարքում կա մի հատված, որ Ձեզ ասում է` փաստորեն, Դուք էլ անցաք «ռեստորանային» երգիչների շարքը… Ի՞նչ կպատասխանեք:

-Այո՛, ես երգում եմ ռեստորանում, մասնակցում եմ հարսանիքների, կնունքների, ծնունդների եւ դրան զուգահեռ կարող եմ ներկայանալ լուրջ համերգասրահներում, պաշտոնական միջոցառումներին` բոլորովին այլ ոճում: Այդ նույն ռեստորանում իմ ազգի ներկայացուցիչներն են, ես նրանց համար եմ ելույթ ունենում, այստեղ որեւէ ամոթալի բան չկա: Ես սիրում եմ իմ գործը եւ իմ երգը հաճույքով նվիրում եմ ժողովրդին` անկախ այն հանգամանքից, թե ինչ սրահում եմ ելույթ ունենում:

-Գիտենք, որ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու ցանկություն ունեք: Սպասում եք կոնկրետ առաջարկի, թե՞ գուցե ինքներդ հանդես գաք առաջարկությամբ:

-Ինքս այդ հարցով որեւէ մեկին չեմ դիմի: Իմ ցանկության մասին ես պարզ արտահայտվել եմ, եթե Հ1-ում մտածեն, որ իմ կարիքը կա, եւ հանդես գան կոնկրետ առաջարկով, գուցե ընդունեմ այն, գուցե՝ ոչ:

-Մի ժամանակ փորձեցիք Ռուսաստանում բիզնեսով զբաղվել, սակայն գործն ընթացք չստացավ: Այդ երկրում խոչընդոտներ ծագեցի՞ն, թե՞ առհասարակ, բիզնեը Ձեր ոլորտը չէ:

-Ընդհանրապես, բիզնեսն ինձ համար չէ: Ես հեռու եմ թղթաբանությունից, հաշվապահությունից, թույլ եմ մաթեմատիկայից (ծիծաղում է): Իմ բիզնեսն իմ գործն է, որով ես զբաղվում եմ: Իսկ իմ գործն անում եմ հնարավորինս լավ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ